Լոնդոնում Քիր Սթարմերը հայտարարել է, որ հեռանում է Մեծ Բրիտանիայի վարչապետի և Լեյբորիստական կուսակցության ղեկավարի պաշտոններից՝ նշելով, որ կուսակցությունում ձևավորված դիրքորոշման համաձայն ինքը այլևս չի համարվում լավագույն ընտրությունը հաջորդ համապետական ընտրություններին առաջնորդելու համար։
Իր ելույթում Սթարմերը ընդգծել է, որ վարչապետ դառնալը եղել է իր կյանքի «ամենահպարտ պահը», սակայն ներկայում անհրաժեշտ է ապահովել իշխանության «կարգավորված փոխանցում»։ Նա հայտնել է, որ արդեն տեղեկացրել է թագավորին իր որոշման մասին և պատրաստ է աջակցել նոր առաջնորդի ընտրության գործընթացին։ Վարչապետը նաև նշել է, որ պաշտոնական փոխանցումը տեղի կունենա մինչև խորհրդարանի վերսկսումը՝ սեպտեմբերին։
Հետաքրքիրն այն է, որ 2022 թվականից մինչև 2026 թվականը՝ մոտ 4 տարվա ընթացքում, Մեծ Բրիտանիան հասցրել է ունենալ 4 վարչապետ։
2022 թվականին հրաժարական տվեց Բորիս Ջոնսոնը, նրան կարճ ժամանակով փոխարինեց Լիզ Թրասը, որը պաշտոնավարեց շուրջ 45 օր, դառնալով ՄԹ պատմության ամենակարճ ծառայած վարչապետներից մեկը ։ 2022-ի վերջից մինչև 2024 թվականը կառավարությունը ղեկավարեց Ռիշի Սունակը, իսկ 2024–2026 թվականներին՝ Քիր Սթարմերը, ով այսօր հայտարարել է իր հրաժարականի մասին։
Այսպիսով, վերջին 4 տարիների ընթացքում Մեծ Բրիտանիան ունեցել է 4 վարչապետ։
Չնայած ղեկավարների այս հաճախակի փոփոխություններին՝ երկրի պետական կառավարման համակարգը չի խափանվել, իսկ Մեծ Բրիտանիան շարունակել է պահպանել իր ազդեցությունը միջազգային քաղաքականության և տնտեսության մեջ։
Քաղաքական վերլուծաբանների գնահատմամբ՝ այս փոփոխությունները հիմնականում պայմանավորված են ներքաղաքական զարգացումներով և կուսակցական պայքարով, այլ ոչ թե համակարգային ճգնաժամով, ինչը թույլ է տալիս Մեծ Բրիտանիային պահպանել կայունությունը նույնիսկ ղեկավարների արագ փոփոխության պայմաններում։
Հեղինակ՝ Անի Վարդանյան




























