Armenian text to speach

Brexit-ից 10 տարի անց․ արդյո՞ք Մեծ Բրիտանիան պատրաստվում է վերադառնալ Եվրամիություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեծ Բրիտանիայի և Եվրամիության առաջնորդները այսօր  նոյեմբերի 20-ին կհանդիպեն պատմական գագաթնաժողովի շրջանակում, որի նպատակն է խորացնել Լոնդոնի և Բրյուսելի հարաբերությունները՝ Brexit-ից տասը տարի անց։

Ինչպես հայտնում է CNN-ը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բերնհեմը ձգտում է Եվրամիության հետ ավելի սերտ համագործակցության։ Քննարկվող համաձայնությունների փաթեթը կարող է նոր հնարավորություններ ստեղծել երիտասարդների համար՝ Եվրոպայում ապրելու, սովորելու և ճանապարհորդելու առումով, ինչպես նաև նպաստել արտանետումների առևտրի համակարգերի կապակցմանը և սննդամթերքի առևտրի խոչընդոտների վերացմանը։

Բրիտանիայի Լեյբորիստական կառավարությունը, որը իշխանության է եկել Brexit-ից հետո, խոսում է ԵՄ-ի հետ հարաբերությունների «վերագործարկման» անհրաժեշտության մասին։ Սակայն վարչապետ Էնդի Բերնհեմը վերջին ամիսներին ավելի կոշտ դիրքորոշում է որդեգրել եվրոպական ուղղությամբ՝ չբացառելով նաև ԵՄ-ին վերադառնալու հարցի քննարկումը։

«Մեզ պարտադրված կոշտ Brexit-ը բավարար չէ»,- երկուշաբթի օրը արտաքին քաղաքականության վերաբերյալ իր առաջին մեծ ելույթում հայտարարել է Բերնհեմը՝ անդրադառնալով 2020 թվականի համաձայնագրին, որով Մեծ Բրիտանիան դուրս եկավ Եվրամիությունից։

Անցյալ ամիս վարչապետը նույնիսկ հայտարարել էր, որ կցանկանար իր կյանքի ընթացքում տեսնել Մեծ Բրիտանիայի վերադարձը ԵՄ, սակայն բացառել էր այդ հնարավորությունը խորհրդարանի ներկայիս ժամկետում։ Նա նաև ընդգծել էր, որ կառավարությունը չի պատրաստվում հատել իր նախընտրական ծրագրում ամրագրված «կարմիր գծերը»՝ միասնական շուկա կամ մաքսային միություն վերադառնալու և մարդկանց ազատ տեղաշարժի վերականգնման հարցերում։

Brexit-ի տնտեսական հետևանքները

Տնտեսագետների գնահատմամբ՝ Եվրամիությունից դուրս գալը բացասաբար է անդրադարձել Մեծ Բրիտանիայի տնտեսական աճի ներուժի վրա։ Տարբեր գնահատականներով՝ Brexit-ի հետևանքով կորցրած տնտեսական արտադրանքի ծավալը կազմում է 2-8 տոկոս։

Մեծ Բրիտանիայի համար ԵՄ-ն շարունակում է մնալ խոշորագույն առևտրային գործընկերը, ուստի տնտեսական աճի խթանման նպատակով Լոնդոնը փորձում է նվազեցնել առևտրային խոչընդոտները և խորացնել համագործակցությունը Բրյուսելի հետ։

CNN-ի փոխանցմամբ՝ առաջիկա գագաթնաժողովում քննարկվող համաձայնությունները հիմնականում վերաբերում են սննդամթերքի առևտրի խոչընդոտների վերացմանը, երիտասարդների շարժունակության ծրագրին և արտանետումների առևտրի համակարգերի կապակցմանը։

Այնուամենայնիվ, Լոնդոնի և Բրյուսելի միջև հարաբերությունների հետագա խորացումը բարդ է լինելու։ Լոնդոնի Քինգս քոլեջի պրոֆեսոր, «UK in a Changing Europe» վերլուծական կենտրոնի տնօրեն Անանդ Մենոնի խոսքով՝ վարչապետի հռետորաբանությունը փոխվել է, սակայն գործնական քաղաքականությունը նախկին վարչապետ Քիր Սթարմերի մոտեցումից էականորեն չի տարբերվում։

Նրա գնահատմամբ՝ առանց միասնական շուկայի և մաքսային միության հարցում զիջումների՝ Մեծ Բրիտանիայի և ԵՄ-ի հարաբերությունների էական փոփոխություններն անհավանական են։

Brexit-ի թեման կրկին քաղաքական պայքարի կենտրոնում է

Բերնհեմի հայտարարությունները նոր քաղաքական բանավեճ են առաջացրել Մեծ Բրիտանիայում։ Brexit-ի կողմնակից ուժերը դեմ են արտահայտվում Եվրամիության հետ հարաբերությունների վերականգնման և անդամակցությանը վերադառնալու հնարավորությանը։

Պահպանողական կուսակցության առաջնորդ Քեմի Բադենոքը վարչապետին մեղադրել է անցյալի դասերը չսերտելու մեջ՝ պնդելով, որ երկրի ներկայիս խնդիրները կապված չեն ԵՄ անդամակցության կամ դրանից դուրս լինելու հետ։

Իր հերթին՝ Brexit-ի գլխավոր աջակիցներից մեկը՝ Նայջել Ֆարաջը, հայտարարել է, որ Բերնհեմը Բրյուսելի հետ հարաբերությունների խորացման բանակցություններ վարելու մանդատ չունի։

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետներ Դեյվիդ Քեմերոնը և Բորիս Ջոնսոնը նույնպես զգուշացրել են Բերնհեմին Brexit-ի շուրջ նախկին հակասությունները կրկին բորբոքելու վտանգների մասին։

Միևնույն ժամանակ, հասարակական կարծիքի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ԵՄ-ին վերադառնալու գաղափարը կարող է որոշակի աջակցություն ունենալ բրիտանացիների շրջանում։ Սակայն անդամակցության վերականգնման իրական գործընթացը, հնարավոր ֆինանսական պարտավորությունները և եվրոյին անցնելու հեռանկարը շարունակում են մտահոգություններ առաջացնել։

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Կայա Կալլասը ևս հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի դուրս գալը միությունից լուրջ հետք է թողել եվրոպական կողմի վրա։ Նրա խոսքով՝ ապագա բանակցությունները հեշտ չեն լինելու։

Այսպիսով, Brexit-ից տասը տարի անց Լոնդոնը փորձում է վերանայել Բրյուսելի հետ հարաբերությունները, սակայն այս փուլում խոսքը ոչ թե ԵՄ-ին անմիջապես վերադառնալու, այլ համագործակցության խորացման և առևտրային խոչընդոտների նվազեցման մասին է։

Անի Վարդանյան




Մամուլի Տեսություն

Լրահոս