Մեծ Բրիտանիան գրեթե երեք տարի Ուկրաինայի համար ԱՄՆ-ից ձեռք է բերել պայթուցիկ նյութեր, որոնք ներկայացվել են որպես C4 տեսակի ռազմական պայթուցիկի կատարելագործված տարբերակ, սակայն բրիտանական պաշտպանության նախարարության փորձարկումները ցույց են տվել, որ դրանցում բացակայել է հայտարարված հիմնական բաղադրիչը։ Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ սեփական հետաքննության արդյունքներով։
Պարբերականի տվյալներով՝ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը պայթուցիկ նյութերը ձեռք է բերել ամերիկյան Tripwire South LLC ընկերությունից, որի սեփականատերը նախկին ոստիկան Ռայան Մորիսն է։ Ընկերությունը մատակարարել է EDC-4 անվամբ արտադրանքը՝ ներկայացնելով այն որպես C4-ի ավելի հզոր տարբերակ։
Financial Times-ի հետաքննությունը, որը հիմնված է մատակարարման շղթայի փաստաթղթերի և լաբորատոր փորձարկումների վրա, ցույց է տվել, որ իրականում խոսքը կարող էր լինել ավելի էժան առևտրային պայթուցիկ նյութի մասին։ Բրիտանական պաշտպանության նախարարության սեփական փորձարկումներով նույնպես չի հայտնաբերվել արտադրանքի նկարագրության մեջ նշված հիմնական բաղադրիչը։
Հետաքննության համաձայն՝ 2023 թվականի օգոստոսից մինչև 2025 թվականի օգոստոսը ԱՄՆ-ի Կենտուկի նահանգի արտադրական գործարանից մատակարարվել է շուրջ 32 տոննա այդ նյութը։ Ընդ որում՝ 2025 թվականի ապրիլին կնքված պայմանագրով նախատեսվել էր Ուկրաինային մատակարարել մինչև 204 տոննա EDC-4։ Նախնական պատվերը կազմել է 36 տոննա, իսկ ամբողջ պայմանագրի հնարավոր արժեքը գնահատվել է շուրջ 26.3 միլիոն ֆունտ ստեռլինգ։
Պարբերականի ուշադրությունը գրավել են նաև մատակարարված արտադրանքի անվտանգության փաստաթղթերը։ Ըստ հետաքննության՝ ընկերության ներկայացրած փաստաթղթերում որոշ նախազգուշացումներ բացակայել են, որոնք առկա էին արտադրողի սկզբնական փաստաթղթերում։ Նշված փաստաթղթերն ուղեկցել են նաև Ուկրաինա ուղարկված խմբաքանակները։
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ մի շարք անկախ փորձարկումների արդյունքում հայտնաբերվել է նյութի այլ բաղադրություն, սակայն պնդել է, որ արտադրանքը համապատասխանել է իր պահանջներին և օգտագործման համար պիտանի է եղել։ Գերատեսչությունը նաև նշել է, որ պայմանագրով մատակարարը պարտավորություն չի ունեցել ապահովելու կոնկրետ բաղադրիչների առկայությունը։ Նախարարության փոխանցմամբ՝ Ուկրաինայից արտադրանքի վերաբերյալ դրական արձագանքներ են ստացվել։
Իր հերթին՝ Ռայան Մորիսն ու նրա ընկերությունը հերքել են Financial Times-ի հետաքննության եզրակացությունները։ Tripwire-ը պնդում է, որ իր մատակարարած բոլոր խմբաքանակները համապատասխանել են ներկայացված նկարագրությանը, անվտանգության հետ կապված խնդիրներ չեն եղել, իսկ արտադրանքի արդյունավետության վերաբերյալ բողոքներ չեն ստացվել։ Ընկերությունը նաև սպառնացել է իրավական քայլեր ձեռնարկել պարբերականի դեմ։
Financial Times-ի հետաքննությունը հարցեր է առաջացրել Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության գնումների վերահսկողության, մատակարարների ստուգման և պետական միջոցների արդյունավետ օգտագործման վերաբերյալ։
Անի Վարդանյան




























