Հուլիսի 8-ին Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX) հնչած ավանդական զանգն ազդարարեց հայրենի կառուցապատման ոլորտի առաջատարներից մեկի՝ «Ռենշին»-ի պաշտոնական մուտքը կապիտալի շուկա։ Ընկերության պարտատոմսերը ցուցակվել են բորսայում, ինչը նշանակում է, որ այն թևակոխել է զարգացման բոլորովին նոր՝ թափանցիկության և հաշվետվողականության բարձրագույն փուլ։
«Ռենշինը» հանրությանը հայտնի է՝ որպես Հայաստանի անշարժ գույքի շուկայում շուրջ 25 տարվա պատմություն ունեցող և մոտ 1 միլիոն քմ բարձրակարգ կառուցապատում իրականացրած ընկերություն։ Հենց այս ընկերությունն է կյանքի կոչում մայրաքաղաքի դեմքը փոխող այնպիսի խոշորագույն ծրագրեր, ինչպիսիք են ArtLife Kempinski Residences Yerevan-ը և «Սքայլայն» (Skyline) ինովացիոն թաղամասը։ Բացի այդ, ընկերության կողմից է ներկայացվել և ՀՀ կառավարության հավանությանն արժանացել «Համաշխարհային առևտրի կենտրոն (WTC)» կառուցելու մեգածրագիրը։

Վստահությունը վերածվում է կապիտալի
Բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանի խոսքով՝ իրական հատվածի խոշոր ընկերությունների մուտքը կապիտալի շուկա կարևոր իրադարձություն է ամբողջ տնտեսության զարգացման համար։ Նա ընդգծել է, որ սա ընկերությանը թույլ է տալիս ներգրավել երկարաժամկետ ֆինանսներ՝ միաժամանակ բարձրացնելով ճանաչելիությունն ու թափանցիկությունը ներդրողների շրջանում։
«Ռենշի»-ի ֆինանսական տնօրեն Քրիստինա Չիչյանն իր հերթին նշել է, որ սա իրենց առաջին թողարկումն էր կապիտալի շուկայում, և այն ամբողջությամբ տեղաբաշխվել է։ Սա խոսում է ընկերության հանդեպ քաղաքացիների ու ներդրողների մեծ վստահության մասին։ «Մուտք գործելով բորսա՝ մենք պարտավորվում ենք գործել առավել թափանցիկ և միջազգային չափանիշներով։ Վստահ ենք, որ առաջիկայում ևս հանդես կգանք նոր թողարկումներով»,- հավելել է նա։

Ինչպե՞ս գնել պարտատոմսեր և ի՞նչ պայմաններով
Արդեն հուլիսի 8-ից քաղաքացիներն ու ընկերությունները հնարավորություն ունեն գնելու «Ռենշինի» պարտատոմսերը։ Ընկերությունը բորսայի երկրորդային (Bbond) ցուցակում է տեղադրել 3 տեսակի արժեթուղթ՝ և՛ դրամով, և՛ դոլարով։
- Դրամային տարբերակ. 2,3 մլրդ դրամ ընդհանուր ծավալով, 1 մլն դրամ անվանական արժեքով։ Ապահովում է տարեկան բարձր՝ 12.00% եկամտաբերություն, շրջանառության ժամկետը 36 ամիս է։
- Դոլարային 1-ին տարբերակ. 10 մլն դոլար ծավալով, 10,000 դոլար անվանական արժեքով։ Եկամտաբերությունը՝ տարեկան 8.00%, ժամկետը՝ 36 ամիս։
- Դոլարային 2-րդ տարբերակ. 10 մլն դոլար ծավալով, 10,000 դոլար անվանական արժեքով։ Եկամտաբերությունը տարեկան 8.50% է, ժամկետը՝ 60 ամիս։
Այս պարտատոմսերի տեղաբաշխումը հաջողությամբ իրականացրել է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն, որն էլ հետագայում երկրորդային շուկայում ապահովելու է դրանց ակտիվ առքուվաճառքը (հանդես գալով որպես շուկա ստեղծող)։ Ամերիաբանկի Կապիտալի շուկաների բաժնի ղեկավար Շուշանիկ Հովսեփյանը նկատել է, որ տնտեսության համար առանցքային ոլորտի առաջատարի այս թողարկումը հիանալի հնարավորություն է ներդրողների համար՝ բազմազանեցնելու իրենց խնայողություններն ու ռիսկերը թե՛ արժույթի, թե՛ ժամկետների առումով։

Այսպիսով, սա պարզապես ֆինանսական հերթական նորություն չէ կապիտալի շուկայում: Սա բացառիկ հնարավորություն է յուրաքանչյուր քաղաքացու համար՝ իր խնայողություններն աշխատեցնելու վստահելի և աչքով տեսանելի իրական հատվածում: Գնելով «Ռենշին»-ի պարտատոմսերը՝ ներդրողները ոչ միայն ապահովում են կայուն ու բարձր եկամուտ, այլև ուղղակիորեն դառնում են մայրաքաղաքի նոր դիմագիծը կերտող՝ միջազգային չափանիշներին համապատասխանող պատմական մեգանախագծերի մասնակիցը: (Գ)




























