ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՄՏԱՀՈԳՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ վերաքննիչ դատարանի մոտ իրավիճակը բավական լարված էր: Մի խումբ քաղաքացիներ պահանջում էին, որ դերասան Վարդան Պետրոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխվի, սակայն ժամեր շարունակ ընթացող բողոքի ակցիան այդպես էլ արդյունք չտվեց: ՀՀ վերաքննիչ դատարանը մերժեց դերասանի փաստաբանի բողոքը, եւ Վարդան Պետրոսյանը մնաց կալանքի տակ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Վթարի հետեւանքով մահացել էին 16-ամյա երկու տղա, իսկ 6 հոգի՝ տեղափոխվել հիվանդանոց, որոնց մեջ էր եղել դերասան Վարդան Պետրոսյանը: Վերջինիս նկատմամբ ավելի ուշ մեղադրանք առաջադրվեց, եւ խափանման միջոց ընտրվեց կալանքը: Սակայն նրա փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն իր հրապարակային ելույթներում մշտապես ոչ օրինական էր համարել դերասանին կալանավորելու վերաբերյալ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:
Ինչեւէ, երեկ դերասանին աջակցելու էին եկել նաեւ «Ժառանգություն» կուսակցության անդամներ Անահիտ Բախշյանն ու Ստեփան Սաֆարյանը: Ա. Բախշյանը լրագրողների հետ զրույցում ասաց, թե նմանատիպ ավտովթարների պատճառը նաեւ ոստիկանությունն է. «Ճանապարհային ոստիկանությունը պիտի պատասխանատվություն կրի, ինքը վարորդներից գումար է գանձում այդ ճանապարհների որակի համար: Ճանապարհները որակյալ չեն, մութ են, այնտեղ ճանապարհային նշաններ չեն եղել»:
Դերասանի կալանավորման շուրջ ստեղծված իրավիճակն ու տարաբնույթ մեկնաբանություններն անգամ Սերժ Սարգսյանին ստիպեցին իր խոսնակի շուրթերով կարծիք հայտնել: Հիշո՞ւմ եք, Արման Սաղաթելյանը նոյեմբերի 11-ին ասաց. «ՀՀ նախագահն իրավասու չէ միջամտել որեւէ կոնկրետ դեպքով իրականացվող իրավական գործընթացներին, այդ թվում` Վարդան Պետրոսյանի նկատմամբ կալանքի ընտրության կամ դրա դատական ստուգման ընթացակարգերին: Միեւնույն ժամանակ նկատի ունենալով ընդհանրապես կալանքների կիրառման հետ կապված առկա մտահոգությունները՝ Հայաստանի Հանրապետության նախագահն այս խափանման միջոցի կիրառման օրենսդրական եւ գործնական հիմնահարցերին եւս մեկ անգամ անդրադառնալու անհրաժեշտություն է տեսնում»:
Ինչպես տեսանք, Սերժ Սարգսյանի մտահոգությունն էլ իրավիճակը չփրկեց: Նրա արձագանքը բավարար չհամարվեց, որպեսզի դատարանը փոխի դերասանի խափանման միջոցը, եւ Վարդան Պետրոսյանը մնաց կալանքի տակ:
«Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանից հետաքրքրվել, թե ինչու նա որեւէ կերպ չի արձագանքում ստեղծված իրավիճակին, եւ որպես մշակույթի նախարար՝ ինչու իր աջակցությունը չի ցուցաբերում դերասանին:
-Ի՞նչ արձագանքեմ:
-Մտավորականների գրեթե մեծ մասը ոտքի կանգնեց՝ սատարելու Վարդան Պետրոսյանին, որ դերասանի հետ շատ վատ են վարվում: Ավելին, անգամ Սերժ Սարգսյանն է հրապարակավ մտահոգվել դերասանի կալանավորման հարցով: Իսկ Դո՞ւք…
-Ես կարծում եմ՝ եթե նախագահի միջնորդությունը կա, արդեն ոչ կոռեկտ է մշակույթի նախարարի միջնորդությունը: Երկրի բարձրագույն ղեկավարն արդեն միջնորդություն է ներկայացրել, եւ դա արդեն բարձրագույն միջնորդություն է:
-Բայց Դուք՝ որպես մշակույթի նախարար, կարող էիք որեւէ քայլ իրականացնել:
-Որովհետեւ… Ուրեմն այսպես, նախագահի միջնորդությունը բարձրագույն միջնորդությունն է երկրի: Ես այդ հարցին արդեն պատասխանել եմ:
-Տիկի՛ն Պողոսյան, սա միակ խնդիրը չէ, որին Դուք չեք արձագանքում: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Մշակույթի պետական քոլեջի նախկին տնօրեն Արմեն Գրիգորյանի կինը` Մարինա Գրիգորյանը, հայտարարեց, որ Դուք շուրջ 4 տարի շարունակ չեք այցելել քոլեջ եւ չեք հետաքրքրվել, թե ինչ է կատարվում այնտեղ, ու մարդկանց էլ աշխատանքից հեռացնում եք լավ չաշխատելու համար: Ի՞նչ կասեք այս մասին:
-Գիտեք, ես քոլեջի միջոցառումների մասնակցող չեմ: Քոլեջն առաջին հերթին ուսումնական հաստատություն է, եւ այդ ուսումնական հաստատությունում պետք է լինի կարգուկանոն: Արմեն Գրիգորյանին ես եմ հրավիրել եւ նշանակել քոլեջի տնօրեն: Խնդրում եմ սա նկատի ունեցեք: Երկար ժամանակ որեւէ խնդիր չի եղել, բայց վերջին շրջանում կարգապահական բազմաթիվ խախտումների ականատես ենք եղել, էլ չեմ ասում՝ ֆինանսական:
-Կոնկրետ ի՞նչ խախտումների մասին է խոսքը:
-Ես չեմ ասի, քանի որ մեր փոխնախարարը շատ մանրակրկիտ տեղեկություն ներկայացրել է, ու եթե Ձեզ շատ ավելին է հետաքրքրում, կարող եք մեզ գրավոր ուղարկել Ձեր հարցերը, եւ կպատասխանենք:
-Իսկ Դուք տեղյա՞կ եք, որ քոլեջի տնօրենին սպառնացել են պայթեցնել, եթե նա որեւէ ավելորդ բան խոսի:
-Ո՛չ: Գիտեք ի՞նչ կա, բոլորն իրավունք ունեն իրենց իրավունքները պաշտպանել: Ես էլ իրավունք ունեմ իմ լիազորությունների շրջանակում իրականացնել իմ գործողությունները: Եթե դրա հիմքերը կան, նա կարող է պաշտպանել իր իրավունքները: Ես այս ամենի մասին չգիտեմ, չեմ կարող պատասխանել, ու եթե սպառնում են, ինքը կարող է դիմել իրավապահ մարմիններին:
-Արմեն Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշեց, թե որեւէ քայլ չի անի, այլ պարզապես պատրաստվում է լքել երկիրը: Ահա թե ինչի հանգեցրեց Ձեր որոշումը:
-Գիտեք ի՞նչ կա, եթե մարդ որոշել է երկրից հեռանալ, ապա նա առանց պատճառի կհեռանա: Երկրից հեռանալը դարձրել են շանտաժի միջոց. ես պետք է ամեն ինչ անեմ, եթե դուք ինձ թույլ չտաք ամեն ինչ անել, ապա ես կհեռանամ: Երկիրը պետք չէ շանտաժի միջոց դարձնել: Եթե անգամ անհատներից են մարդիկ վիրավորված, դա երկիրը լքելու պատճառ չէ:
-Քոլեջի տնօրենը փորձել է Ձեզ հետ հանդիպել, խոսել, բայց Դուք չեք ընդունել: Ինչո՞ւ:
-Ինքն ինձ մոտ չի գրվել ընդունելության, նման բան չկա: Մենք ունենք 80 ՊՈԱԿ-ներ, որոնք ունեն տարբեր խնդիրներ, եւ ասել, թե մենք չենք զբաղվել այդ խնդիրներով… Եթե նախարարությունում մարդիկ զբաղվել են խնդիրներով, ի՞նչ տարբերություն, թե ով է այդ հարցերով զբաղվել:
-Տնօրենի կինն ասաց, որ Ձեզ աշխատող մարդիկ ձեռնտու չեն:
-Ո՞ւմ ձեռնտու չէ, որ մարդիկ աշխատող լինեն: Եկե՛ք հասկանանք մի բան, որ անցել են այն ժամանակները, երբ ծանոթով էին մարդ ընդունում աշխատանքի:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ




Լրահոս