Armenian text to speach

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ԱՄՆ-ի ռազմաբազաներին Սիրիայում, Քուվեյթում և Օմանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի հարավային ենթակառուցվածքներին հասցված հարվածներին ի պատասխան հարձակվել է ամերիկյան ռազմական օբյեկտների վրա Սիրիայում, Քուվեյթում և Օմանում։

ԻՀՊԿ-ի հաղորդմամբ՝ հարվածներ են հասցվել Սիրիայում ԱՄՆ հատուկ գործողությունների հրամանատարական կենտրոնին, Օմանում տեղակայված ամերիկյան ռազմածովային և օդային վերահսկողության ռադարներին, ինչպես նաև Քուվեյթում գտնվող զենքի պահեստներին, HIMARS հրթիռային կայանքներին և այլ ռազմական ենթակառուցվածքների։

Իրանական կողմը պնդում է, որ գործողությունների ընթացքում ոչնչացվել են ռադարներ, ուղղաթիռներ և ռազմական տեխնիկա, ինչպես նաև զոհվել են ամերիկացի զինծառայողներ։ Անկախ աղբյուրները դեռևս չեն հաստատել այդ տեղեկությունները։

Թեհրանը հայտարարել է, որ հարվածները պատասխան են ԱՄՆ-ի օդային հարձակմանը, որի հետևանքով, իրանական տվյալներով, զոհվել էր յոթ զինծառայող։

ԻՀՊԿ-ն նաև կրկնել է, որ Իրանի ուժերը շարունակում են վերահսկել Հորմուզի նեղուցը՝ նախազգուշացնելով, որ քանի դեռ ԱՄՆ-ն շարունակում է ռազմական գործողությունները, տարածաշրջանից նավթի և գազի արտահանումը չի վերականգնվի։

Միաժամանակ Իրանը մեղադրել է ԱՄՆ-ին հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունները խախտելու և խաղաղ բանակցությունների ընթացքում ռազմական գործողությունները վերսկսելու մեջ՝ հայտարարելով, որ պատասխան գործողությունները շարունակվելու են։

Անի Վարդանյան




Լրահոս