Իրանը միջուկային ծրագրի ապագայի վերաբերյալ առաջարկ է ներկայացրել ԱՄՆ վարչակազմին՝ այն փոխանցելով Կատարի միջնորդությամբ։ Թեհրանը հայտարարել է, որ առաջարկի շուրջ բանակցությունները հնարավոր են միայն այն դեպքում, եթե Վաշինգտոնը կատարի իր ներկայացրած յոթ պահանջները։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի։
Պաշտոնյայի խոսքով՝ ԱՄՆ-ն ստացել է փաստաթուղթը և ուսումնասիրում է այն, սակայն առաջարկի մանրամասներ չեն հրապարակվում։
Ինչպես հայտնում է Fox News-ը, Իրանի պահանջների թվում են պատերազմի հետևանքով պատճառված վնասի դիմաց փոխհատուցումը, ԱՄՆ տնտեսական պատժամիջոցների վերացումը, իրանական նավահանգիստների նկատմամբ ծովային շրջափակման դադարեցումը, ինչպես նաև տարածաշրջանում՝ այդ թվում Լիբանանում և Գազայում, ռազմական գործողությունների ավարտը։
Թեհրանը նաև պահանջում է ազատել սառեցված իրանական միլիարդավոր դոլարների ակտիվները, կրճատել Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական ներկայությունը և հասնել ոչ թե ժամանակավոր հրադադարի, այլ պատերազմի մշտական ավարտի։
Իրանի ազգային անվտանգության բարձրաստիճան պաշտոնյա Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ մինչև ամերիկյան կողմը չկատարի Թեհրանի պայմանները, Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը և չի վերսկսի բանակցությունները։ Միևնույն ժամանակ, Վաշինգտոնը պնդում է, որ միջուկային հարցերը պետք է ներառվեն բանակցությունների սկզբնական փուլում։
Իրավիճակի ֆոնին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու հնարավորությունը։ Fox News-ի փոխանցմամբ՝ Թրամփը նոյեմբերի 5-ին Սպիտակ տանը հանդիպել է ազգային անվտանգության թիմի հետ՝ քննարկելու ռազմական գործողությունների վերսկսման հարցը։
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Վաշինգտոնը որոշում կկայացնի՝ արդյոք անհրաժեշտ է շարունակել հարվածները՝ Իրանի միջուկային ծրագիրը վերջնականապես ոչնչացնելու նպատակով։ Նա նաև նշել է, որ նախընտրում է հնարավորության դեպքում խուսափել Իրանի մնացած տարածքների ոչնչացումից։
Միաժամանակ ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը Կոնգրեսից պահանջում է առնվազն 350 միլիարդ դոլարի լրացուցիչ պաշտպանական ֆինանսավորում՝ պաշտպանելով Իրանի դեմ իրականացվող «Էպիկ Ֆյուրի» ռազմական գործողությունը։
Տարածաշրջանում լարվածությունը պահպանվում է նաև այլ ուղղություններով։ Հութիները հայտարարել են, որ հինգշաբթի անօդաչու թռչող սարքով թիրախավորել են Սաուդյան Արաբիայի Դամամ քաղաքում գտնվող Թագավոր Ֆահդի միջազգային օդանավակայանը։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն էլ հայտնել է, որ Հորմուզի նեղուցով չարտոնված երթուղիներով անցնելու փորձից հետո առանձին միջադեպերի հետևանքով հրդեհվել են երկու նավթատար և մեկ քարշակ։
Անի Վարդանյան



























