Սևակ Բաբայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ հանդիսանալով ՇԴ/0437/01/24 քրեական գործով մեղադրյալ՝ 2026 թվականի ապրիլի 8-ին կայացած դատական նիստի ժամանակ, նույն դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու դիտավորությամբ, վիրավորել է դատավարության մասնակից հանդիսացող հանրային մեղադրող Ա. Ալեքսանյանին և դատական նիստը նախագահող՝ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Շտոյանին։
Ս. Բաբայանը վերը նկարագրված արարքը կատարելուց հետո ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների կողմից ձերբակալվել ու դուրս է բերվել դատարանի դահլիճից և մինչև ոստիկանության աշխատակիցների մեքենա տեղափոխվելու ճանապարհին, գրեթե ամբողջ ժամանակահատվածում, դատարանի շենքում, ինչպես նաև շենքի հարակից տարածքում գտնվող քաղաքացիների մոտ՝ վերջիններիս նկատմամբ անհարգալից, ինչպես նաև իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, հնչեցրել է հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ։
Այնուհետև Ս. Բաբայանին ոստիկանության աշխատակիցները նստեցրել են բաժնի հաշվեկշռում գտնվող ավտոմեքենան՝ վերջինիս Շիրակի մարզային քննչական վարչություն հարցաքննության տեղափոխելու նպատակով։ Սակայն Ս. Բաբայանը մեքենան նստելուց հետո շարունակել է հայհոյանքներ հնչեցնել իրավապահ համակարգի հասցեին, որից հետո՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների օրինական ծառայողական և մասնագիտական գործունեության հետ կապված՝ վերջիններիս գույքը վնասելու նպատակով, ձեռքով հարվածել և կոտրել է բաժնի հաշվեկշռում գտնվող «Շեվրոլե» ավտոմեքենայի հետևի աջ դռան ապակին։
Դրանից հետո Շիրակի մարզային քննչական վարչությունում՝ հարցաքննությունից հետո, սկսել է դրսևորել ոչ ադեկվատ վարքագիծ․ իր օգտագործման համար սեղանին դրված ջրի շիշը նետել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կումայրիի բաժնի ոստիկան Մ. Մանասյանի ուղղությամբ, ինչպես նաև իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով՝ հնչեցրել է հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ ոստիկանների հասցեին։ Այդ ընթացքում վերջինիս նկատմամբ կիրառվել է համաչափ ֆիզիկական ուժ և ձեռնաշղթա՝ վերջինիս գործողությունները կանխելու համար։
Ս. Բաբայանին ձերբակալելուց հետո ոստիկանության աշխատակիցները նրան ուղեկցել են Շիրակի մարզային քննչական վարչության շենքի 1-ին հարկում գտնվող սենյակ, որտեղ Ս. Բաբայանը նստել է դռան մոտ տեղակայված աթոռին։
Այդ ընթացքում Ս. Բաբայանը դիմելով ոստիկանին՝ խնդրել է, որ վերջինս ոստիկաններին փոխանցի, որ իրեն ջուր տան։ Այդ պահին Բ. Հակոբյանը, առանց տեղից վեր բարձրանալու, շրջվել է և ոստիկաններից մեկին խնդրել է, որպեսզի ջուր բերեն։ Այդ ընթացքում կալանավորված անձ հանդիսացող Ս. Բաբայանը, ազատությունից զրկելու հետ կապված պատիժը կրելուց խուսափելու նպատակով, սենյակի պատուհանից դուրս է եկել և դիմել փախուստի։
Այնուհետև, որոշ ժամանակ անց, Ս. Բաբայանը զանգահարել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կումայրիի բաժնի պետի տեղակալ Ս. Մելիքսեթյանին, ով բացատրական աշխատանքների շնորհիվ կարողացել է տեղեկանալ Ս. Բաբայանի գտնվելու վայրի մասին։ Դրանից հետո գնացել և վերջինիս տեղափոխել է ոստիկանության Կումայրիի բաժին, իսկ այնտեղից Ս. Բաբայանը տեղափոխվել է «Արթիկ» ՔԿՀ։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․




























