Վայոց ձորի նախկին մարզպետ, ՔՊ-ական պատգամավոր Տրդատ Սարգսյանը ոչ միայն կպահպանի իր տեղը Ազգային ժողովում, այլ, իշխանական վերջին որոշմամբ, հավակնում է ղեկավարել ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը։
ArmLur.am-ը տեղեկացրել է, որ ՔՊ վարչության երեկվա փակ նիստում Սարգսյանն ընտրվել է հանձնաժողովի նախագահի թեկնածու։ Սակայն նրա քաղաքական ճանապարհը դժվար է բնութագրել օրենսդրական ակտիվությամբ․ հանրային հիշողության մեջ նա առավելապես պահպանվել է աղմկահարույց միջադեպերով, դատական համակարգի շուրջ շահերի բախումների մասին խոսակցություններով և վերջին տարիներին կտրուկ աճած ֆինանսական կարողությամբ։
Փոխգնդապետ Արա Մխիթարյանի ողբերգական պատմությունը
Տրդատ Սարգսյանի անվան հետ կապված ամենածանր ու հանրային մեծ արձագանք ստացած պատմությունը 2019 թվականի սեպտեմբերի 24-ին Վայոց ձորում տեղի ունեցած դաժան ծեծի դեպքն էր։
Այդ ժամանակ մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանի կողմից դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանը կոմայի մեջ էր ընկել և շուրջ չորս տարի անգիտակից վիճակում մնալուց հետո մահացել։
Թեև մի շարք վկաներ պնդում էին, որ մարզպետ Սարգսյանը դեպքի վայրում է եղել և չի միջամտել, իրավապահները տեսախցիկների և հեռախոսազանգերի վերծանումների հիման վրա հայտարարեցին, որ նա միջադեպին ականատես չի եղել։
Այնուամենայնիվ, հասարակական ճնշման և բարոյական պատասխանատվության մթնոլորտում Սարգսյանը հրաժարական ներկայացրեց Վայոց ձորի մարզպետի պաշտոնից։
Դատական համակարգի շուրջ շահերի բախման ստվերը
Սկանդալային պատմությունները շարունակվեցին արդեն խորհրդարանում։
ՔՊ-ական պատգամավորի պաշտոնում Տրդատ Սարգսյանը հայտնվեց դատական համակարգի հետ կապված շահերի բախման քննարկումների կենտրոնում։ Նրա եղբայրը՝ Դավիթ Սարգսյանը, որի նկատմամբ ժամանակին քրեական գործը կարճվել էր վաղեմության ժամկետի հիմքով, նշանակվեց Արարատի և Վայոց ձորի մարզերի դատավոր։
Մինչ այդ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը դատավորի թեկնածուին տվել էր բարեվարքության բացասական եզրակացություն։
Խորհրդարանական դռնփակ լսումների ընթացքում Տրդատ Սարգսյանը կոշտ և ագրեսիվ հարցադրումներով քննադատեց Հարությունյանին, ինչը քաղաքական և իրավական շրջանակներում ընկալվեց որպես ճնշման փորձ։
«Դվինի» շքեղ հարսանիքը
Պատգամավորը լայն քննարկումների թեմա դարձավ նաև իր շքեղ հարսանեկան արարողությունից հետո։
Հարսանիքը տեղի էր ունեցել «Դվին» ռեստորանային համալիրում, նրա քավորը եղել էր պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, իսկ հյուրերի թվում էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Քաղաքական կուլիսներում հատկապես քննարկվում էր այն հանգամանքը, որ սահմանային լարվածության պայմաններում կազմակերպված այս ճոխ միջոցառումը զարմացրել էր անգամ իշխանական շրջանակների մի մասին։ Խոսակցությունների առիթ էր դարձել նաև վարչապետի, ըստ ականատեսների, բավականին զուսպ և ձևական ներկայությունը։
Մարզպետից մինչև բազմամիլիոնանոց ակտիվներ
Տրդատ Սարգսյանի հայտարարագրերը ցույց են տալիս, որ 2018–2025 թվականներին նրա ֆինանսական և ունեցվածքային պատկերը էական փոփոխության է ենթարկվել։
Եթե մարզպետ նշանակվելու պահին նա հայտարարագրել էր համեմատաբար համեստ գույք, ապա պատգամավոր դառնալուց հետո նրա ակտիվները զգալիորեն ընդլայնվել են։
2018 թվական․ համեստ մեկնարկ
2018 թվականի հոկտեմբերի 10-ին մարզպետի պաշտոնը ստանձնելիս Սարգսյանը հայտարարագրել էր՝
- բնակարան բազմաբնակարան շենքում,
- Եղեգնաձորի հողամաս,
- բազմամյա տնկի,
- KIA OPTIMA 2.4 ավտոմեքենա՝ 4,5 մլն դրամ արժեքով,
- 5 մլն դրամ դրամական միջոց։
Այդ տարվա աշխատավարձային եկամուտը կազմել էր մոտ 1,9 մլն դրամ
2019 թվական․ հրաժարական և եկամուտների աճ
Հրաժարականի պահին նրա հայտարարագրում արդեն հայտնվել էր նաև KIA SPORTAGE 2.0 TD ավտոմեքենան։
Հատկանշական է, որ նույն տարում աշխատավարձային եկամուտները կտրուկ աճել էին՝ հասնելով 9,6 մլն դրամի, ինչը շուրջ հնգապատիկ աճ էր նախորդ ցուցանիշի համեմատ։
2021 թվական․ վերադարձ քաղաքականություն և խոշոր գործարքներ
2020 թվականին նա դարձավ ՔՊ աշխատակազմի ղեկավար, իսկ 2021 թվականի օգոստոսին՝ պատգամավոր։
Նույն տարում Սարգսյանը՝
- 55,1 մլն դրամով բնակարան ձեռք բերեց Երևանի Ավան վարչական շրջանում,
- գնեց ավտոկայանատեղի և ոչ բնակելի տարածք,
- վաճառեց Արաբկիրի արտադրական նշանակության շինությունը՝ 40,9 մլն դրամով,
- օտարեց երկու KIA մեքենաները՝ ընդհանուր 12,5 մլն դրամով։
2021 թվականի ընդհանուր եկամուտը կազմել էր 80,5 մլն դրամ։
Նույն ժամանակահատվածում նա արդեն հանդիսանում էր «ՊՐՈՄԵՆԱԴ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասի միակ իրական շահառուն։
2022–2023 թվականներ․ ակտիվ ընդլայնում
2022 թվականին նրա եկամուտները կազմել են 51,3 մլն դրամ, իսկ նույն տարում նա 17,8 մլն դրամով ձեռք է բերել Volkswagen մակնիշի ավտոմեքենա։
2023 թվականին՝
- պահպանել է երկու բնակարաններն ու մյուս հիմնական գույքերը,
- 3,7 մլն դրամով ձեռք է բերել նոր ավտոկայանատեղի,
- 18,8 մլն դրամի փոխառություն է տրամադրել «Վի Ընդ Էյ Մոթորս» ՍՊԸ-ին, որը նույն տարվա ընթացքում վերադարձվել է։
Տարեկան եկամուտը կազմել է 17 մլն դրամ։
2024 թվական․ BMW-ի գնում
2024 թվականի ապրիլի 2-ին պատգամավորը 26,3 մլն դրամով գնել է 2022 թվականի արտադրության BMW ավտոմեքենա։
Նույն տարում նա կրկին 18,8 մլն դրամի փոխառություն է տրամադրել նույն ընկերությանը, որը ևս տարեվերջին մարվել է։
Տարեկան ընդհանուր եկամուտը կազմել է 37,4 մլն դրամ։
2025 թվական․ 16 միլիոն դրամի վերանորոգում
Վերջին հայտարարագրի համաձայն՝ Սարգսյանի անվամբ շարունակում են մնալ՝
- Երևանի երկու բնակարան,
- ոչ բնակելի տարածք,
- ավտոկայանատեղի,
- Եղեգնաձորի հողամաս։
2025 թվականին նա 10 մլն դրամով վաճառել է Volkswagen-ը, և նրա տնօրինության տակ մնացել է միայն BMW-ն։
Տարեկան հայտարարագրված եկամուտը կազմել է 25,7 մլն դրամ, որից՝
- 12,7 մլն դրամ՝ ԱԺ աշխատավարձ
- 10 մլն դրամ՝ ավտոմեքենայի վաճառքից,
- 3 մլն դրամ՝ բանկային վարկ։
Ուշագրավ է, որ նույն տարում նա 16 մլն դրամ ծախս է կատարել անշարժ գույքի վերանորոգման նպատակով։
Այսպիսով, Տրդատ Սարգսյանը նոր խորհրդարանում ոչ միայն պահպանում է պատգամավորական մանդատը, այլ նաև պատրաստվում է զբաղեցնել խորհրդարանական հանձնաժողովի նախագահի պաշտոն։
Սոնա Գրիգորյան




























