Իրանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, թե օգոստոսի 3-ից վերսկսվելու են ամերիկա-իրանական բանակցությունները։ Թեհրանում պնդում են, որ ներկայում ԱՄՆ-ի հետ որևէ բանակցություն չի ընթանում, իսկ քննարկումները վերաբերում են միայն Օմանի հետ Հորմուզի նեղուցում նավարկության հարցին։
Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային շաբաթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Թեհրանը ներկայում չի բանակցում Վաշինգտոնի հետ։
«Մենք այժմ Միացյալ Նահանգների հետ բանակցություններ չենք վարում։ Մեր բանակցություններն Օմանի հետ են՝ Հորմուզի նեղուցով անցումն ապահովելու նպատակով»,- ասել է նա։
Այս հայտարարությունը հակասում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կիրակնօրյա հայտարարությանը, ըստ որի՝ օգոստոսի 3-ին պետք է մեկնարկեին Իրանի հետ նոր բանակցություններ։ Թրամփը նշել էր, որ որոշել է հրաժարվել Իրանի դեմ լայնածավալ հարվածներից՝ նախընտրելով փորձել հասնել համաձայնության, որը կավարտի արդեն վեցերորդ ամիս շարունակվող պատերազմը։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ բանակցությունների հիմնական թեմաները պետք է լինեն Հորմուզի նեղուցում նավարկության ապահովումը և Իրանի միջուկային ծրագրի ապամիջուկայնացումը։
Միաժամանակ Իրանը հայտարարել է, որ Օմանի հետ մոտ է համաձայնության՝ նեղուցով անցնող նոր երթուղու վերաբերյալ։ Սակայն Բաղային ընդգծել է, որ նման համաձայնությունը չի նշանակում Հորմուզի նեղուցի ամբողջական վերաբացում։
Թրամփի բանակցությունների մասին հայտարարությունից հետո նավթի գներն ասիական շուկաներում նվազել են․ West Texas Intermediate տեսակի նավթի մեկ բարելի գինը նվազել է 4,7 տոկոսով՝ հասնելով 80,72 դոլարի։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իրանը ռազմական հակամարտության մեջ են գտնվում փետրվարի 28-ից, երբ ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ հասցրին Իրանի տարածքին։ Այդ ընթացքում եղել են ինչպես ռազմական սրացումներ, այնպես էլ դիվանագիտական ակտիվության փուլեր, սակայն կողմերը շարունակում են տարաձայնություններ ունենալ հատկապես Հորմուզի նեղուցի և Իրանի միջուկային ծրագրի շուրջ։
Անի Վարդանյան




























