«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ վաղ առավոտից իրականացվող գործողությունների շրջանակներում Քննչական կոմիտեն խուզարկություններ է իրականացնում նաև «Բարս» անշարժ գույքի գործակալությունում:
Իրավապահ մարմինները խուզարկություններ են իրականացնում Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի բնակարանում։
Քննչական կոմիտեն խուզարկություններ է իրականացնում նաև «Օրանժ ֆիթնես» ակումբում և «Փլեյ սիթի» զվարճանքի կենտրոնում։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ այս կառույցները ևս պատկանում են Քոչարյանների ընտանիքին։
Վաղ առավոտյան հարկային մարմինները կապարակնքել են «Տոյոտա» ընկերության երևանյան գրասենյակը, որը, ըստ շրջանառվող տեղեկությունների, նույնպես պատկանում է Քոչարյանների ընտանիքին։
Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են։
Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է, որ քննվող քրեական վարույթի շրջանակում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը, իր հետ մտերիմ անձանց հետ նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, տարբեր շինծու հիմքերով պետական սեփականությունից առանձնացրել և շուկայականից էականորեն ցածր գներով ձեռք է բերել հասարակական և տնտեսական նշանակություն ունեցող մի շարք արժեքավոր գույքեր։
























































































