Ոչ թե լացուկոծի, այլ ոգեշնչման միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գևորգյանը կարծում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում  նեղ մասնագիտական շրջանակների՝պատմաբանների և դիվանագետների շփումները, անշուշտ, կարևոր են, սակայն շատ ավելի կարևոր է աշխարհի տարբեր ազգերի վերաբերմունքի ձևավորումը ոճրագործությունը դատապարտելու հարցում:

«Մենք պետք է հասնենք նրան, որ ամեն մի ազգի ներկայացուցիչ թուրք տեսնելիս սկսի ընդվզել, հարցնի՝ ինչո՞ւ եք այդքան չար, այդքան նենգ եղել, ինչո՞ւ եք հայերի հետ այդպես վարվել: Եվ սա կստիպի թուրքերին, որ Ցեղասպանությունը ճանաչելու համար իրենք էլ ճնշում գործադրեն իրենց կառավարության վրա»,- համոզված է  մեր զրուցակիցը:

-Իսկ դրան հասնելու համար ի՞նչ պետք է անեն մշակույթի մարդիկ՝ մասնավորապես երաժիշտները:

-Դրա համար, կարծում եմ, պետք է Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունը պատմենք հենց այդ ժողովուրդների լեզվով: Վերջերս թողարկվեց ՙԱդանա՚ երգի 21-րդ տարբերակի տեսահոլովակը:  Դա երգի հայերեն երկրորդ տարբերակն է: Սկզբում դա արել էի «Կիլիկիա» երգչախմբի և Գեղամ Գրիգորյանի հետ, հիմա երգեցին Սևակ Ամրոյանն ու Մհերը: Մինչ այդ ես արդեն ունեի երգի՝ 20 տարբեր լեզուներով ձայնագրությունը, որը կատարում էին աշխարհի տարբեր ազգերի երգիչներ:

Մտադիր եմ թողարկել երկու ձայնասկավառակ, որտեղ կլինի «Ադանա» երգը՝15 լեզվով. ցանկանում եմ 20-ը զտել, դարձնել 15, որպեսզի լինի խորհրդանշական ձևաչափի մեջ՝15 թիվ, 15 երգիչ: Եվ հենց այդ երգիչներին կարելի է «Ադանա» երգով շրջագայության ուղարկել իրենց երկրները, ու  Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության մասին երգը կհնչի ֆրանսերեն, Չինաստանում՝չինարեն… Ես ունեմ նաև նոր երգ՝  «Սև ապրիլ», որը ձայնագրելու եմ պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի և պետական ակադեմիական երգչախմբի հետ:

-Դուք շփվում եք տարբեր ազգերի, գուցե նաև թուրք երգիչների, երաժիշտների հետ, նրանք որքանով են տեղեկացված   ցեղասպանության մասին:

-Թուրք երաժիշտների հետ սովորաբար  չեմ շփվում, դա մեկ անգամ է եղել, երբ «Ադանա»-ն թուրքերեն ենք ձայնագրել: Իսկ, ընդհանրապես, իմանալով ցեղասպանության մասին, այլազգի երաժիշտներն, անշուշտ, մեծ ափսոսանք, ցավ են ապրում:  Կարծում եմ՝ աշխարհին պետք է անպայման ծանոթացնել պատմության հետ: Իսկ եթե հայերեն լեզվով մեզ համար ենք երգում Եղեռնի մասին, ապա դա այնքան էլ մեծ արդյունք չի տա…

-Դա չի՞ կոչվում , թող կոպիտ չհնչի,  սեփական յուղում տապակվել:

-Չէ, բայց դա էլ է անհրաժեշտ. մեր ժողովրդին էլ է պետք կրթել, դաստիարակել, որովհետև հաճախ Եղեռնի մասին հիշում ենք միայն ապրիլի 24-ին: Եվ պետք է այստեղ էլ արվեն միջոցառումներ, սակայն դրանք ոչ թե լացուկոծի, այլ ոգեշնչման, ոգեկոչի միջոցառումներ պետք է լինեն: Ինչպես նաև հետագա քայլերի պլանավորման միջոցառումներ պետք է կազմակերպել, հստակ ձևակերպել մեր պահանջները՝Ցեղասպանության ճանաչում,  արդարության վերականգնում,  ինչու չէ, փոխհատուցում: Այդ ամեն ինչը մեր սերունդների համար է. չէ՞ որ մենք դրա համար բազմաթիվ միջոցառումներ ու ծախսեր ենք կատարում, և այդ ամենն արվում է  նրանց հաշվին:

-Երջանկահիշատակ երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանը ցանկանում էր Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված մեծ ծրագիր իրականացնել, բայց, ցավոք, չհասցրեց:  Մեր նախորդ հարցազրույցում ասել էիք, որ հանդիպել եք այդ միջոցառումների կազմակերպիչների հետ և առաջարկել համատեղ ծրագիր իրականացնել: Ի՞նչ  արձագանք կա:

-Ժամանակին հանդիպել էի Ֆլորա Մարտիրոսյանի հետ, պայմանավորվել էինք մեր ուժերը միացնել այդ գործում (դա պատահական չէր. ես իմ նախագիծը սկսել եմ դեռևս 2005 թվականից), ավելի արդյունավետ գործունեություն ծավալել: Իսկ սիրված երգչուհու  կողքին կանգնած էին շատ լուրջ և լավ մարդիկ, բայց դժբախտությունը խանգարեց մեր ծրագրին: Ֆ. Մարտիրոսյանի մահվանից հետո հանդիպեցի այդ մարդկանց, փոխանցեցի իմ հեռախոսահամարը, որպեսզի համագործակցենք, բայց մինչև այսօր նրանք լռում են:

Հարցազրույցը՝ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԻ    

Լուսանկարը՝ bravo.am




Լրահոս