ArmLur.am-ը շարունակում է ուսումնասիրել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության ղեկավար կազմի աշխատանքային կենսագրություններն ու պաշտոնատար անձանց հայտարարագրերը։ Այս անգամ ներկայացնում ենք ՄՍԾ պետի առաջին տեղակալ Աննա Մկրտումյանը։
Աննա Մկրտումյանը ՄՍԾ պետի առաջին տեղակալի պաշտոնը ստանձնել է 2025 թվականի սեպտեմբերի 15-ին։ Մինչ այդ՝ 2023-2025 թվականներին, նա եղել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ, իսկ 2019-2023 թվականներին՝ ՀՀ առողջապահության նախարարության իրավաբանական վարչության պետ։
Նրա աշխատանքային գործունեությունը պետական համակարգում սկսվել է ավելի վաղ․ 2018-2019 թվականներին եղել է «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի հանրային իրավունքի ոլորտի փորձագետ։ 2015-2018 թվականներին աշխատել է Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալությունում, իսկ 2014-2015 թվականներին՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում։ 2008-2014 թվականներին աշխատել է աշխատանքի և սոցիալական ոլորտի պետական կառույցներում։
2002-2006 թվականներին սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, իսկ 2006-2008 թվականներին նույն ֆակուլտետի մագիստրատուրան՝ քաղաքացիաիրավական մասնագիտացմամբ։ 2021 թվականից ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի հայցորդ է։
Ինչ վերաբերում է ունեցվածքին, ապա Աննա Մկրտումյանի 2025 թվականի հայտարարագրի համաձայն՝ տարվա սկզբում և վերջում նրա անունով եղել է մեկ բնակարան և մեկ ավտոկայանատեղի՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանում։ Բնակարանը համատեղ սեփականություն է և ձեռք է բերվել 2021 թվականի ապրիլի 23-ին, իսկ ավտոկայանատեղին՝ միանձնյա սեփականություն է և ձեռք է բերվել 2021 թվականի սեպտեմբերի 30-ին։
Նա հայտարարագրել է նաև 2014 թվականի արտադրության TOYOTA մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերել 2021 թվականի մայիսի 18-ին։
2025 թվականին Մկրտումյանի բանկային հաշիվների մնացորդները դրամով տարեսկզբի 1 մլն 771 հազար 430.5 դրամից տարեվերջին հասել են 6 մլն 854 հազար 252.3 դրամի։ Եվրոյով հաշվի մնացորդը տարվա սկզբում կազմել է 2,325.96 եվրո, իսկ տարեվերջին՝ 1,865.43 եվրո։
Կանխիկ միջոցները տարվա սկզբում և վերջում կազմել են 4 մլն 500 հազար դրամ։
Մկրտումյանը 2025 թվականին հայտարարագրել է ընդհանուր 14 մլն 359 հազար 752 դրամ եկամուտ։ Դրանից 8 մլն 399 հազար 482 դրամը ստացել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից, իսկ 5 մլն 960 հազար 270 դրամը՝ Միասնական սոցիալական ծառայությունից։
Նրա հայտարարագրում առկա է նաև 17 մլն 20 հազար 19.2 դրամ վարկի մայր գումարի մնացորդ, որի նպատակային նշանակությունը բնակարանի գնումն է։


















































































