ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե Կանադայի՝ Եվրամիության հետ «ասոցացված անդամ» դառնալու վերաբերյալ համաձայնությունը համարի «թշնամական քայլ», ապա Վաշինգտոնը կարող է ԵՄ-ի նկատմամբ բարձր մաքսատուրքեր սահմանել։
Թրամփը նշել է, որ եթե նախաձեռնությունը բարի մտադրություն ունի, խնդիր չկա, սակայն հակառակ դեպքում ԱՄՆ-ը կարող է «շատ բարձր մաքսատուրքեր» սահմանել Եվրոպայի նկատմամբ։
Հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը առաջարկել է Կանադային դառնալ ԵՄ-ի առաջին «ասոցացված անդամը»։ Նրա խոսքով՝ ներկայիս աշխարհում անհրաժեշտ է վերանայել գործընկերությունները և ամրապնդել համագործակցությունը։
Կանադայի վարչապետ Մարկ Քարնին ևս հայտարարել է, որ իր երկիրը ձգտում է ԵՄ-ի հետ «եզակի դաշինք» ձևավորել։ Քննարկվող համագործակցությունը կարող է ներառել առևտրային խոչընդոտների նվազեցում, էներգետիկա, պաշտպանություն, կիբերանվտանգություն, արհեստական բանականություն և տեխնոլոգիաներ։
Միաժամանակ Կանադայի՝ ԵՄ լիիրավ անդամ դառնալու հարցում աշխարհագրական խոչընդոտ կա․ ԵՄ անդամակցության համար երկիրը պետք է լինի եվրոպական, իսկ «ասոցացված անդամության» պաշտոնական կարգավիճակ ներկայում գոյություն չունի։
ԵՄ-ի և Կանադայի միջև ապրանքների և ծառայությունների առևտուրը նախորդ տարի կազմել է 130.8 միլիարդ եվրո։
Անի Վարդանյան




























