Միացյալ Նահանգները պատրաստ է բանակցությունների Իրանի պատվիրակության հետ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվա շրջանակներում. հանդիպում առայժմ պլանավորված չէ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն NBC-ի «Today» հաղորդմանը տված հարցազրույցում։
Պետքարտուղարին հարցրել են Իրանի իշխանությունների ներկայացուցիչների հետ շփվելու պատրաստակամության մասին։
«(ԱՄՆ) նախագահն ասել է, որ պատրաստ է հանդիպելու ցանկացած ներկայացուցչի հետ։ Նա նախագահ է, որը, որպես կանոն, պատրաստ է հանդիպելու ցանկացած ներկայացուցչի հետ, որովհետև կարծում է, որ խնդիրների լուծման համար կարևոր է փոխգործակցել մարդկանց հետ։ Դա չի նշանակում, թե արդյունքում կհամաձայնեք նրանց հետ, բայց դա կարևոր է։ Այնպես որ, մենք պատրաստ ենք դրան։ Չեմ կարծում, թե այս պահին ինչ-որ բան նախատեսված է, բայց մենք, անշուշտ, բաց ենք նման ինչ-որ բանի համար, հատկապես եթե դա կարող է հանգեցնել ինչ-որ դրական բանի և, ի վերջո, այն նպատակին հասնելուն, որի համար էլ այս ամենն արվում է։ Իրանը երբեք չպետք է միջուկային զենք ունենա», – նշել է պետքարտուղարը:
























































































