Armenian text to speach

Երևանում կրակոցներն ու Հայկ Հարությունյանը․ ի՞նչ ունեցվածք է կուտակել նա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դավթաշենի գիշերային միջադեպի ֆոնին ArmLur.am-ը ուսումնասիրել է, թե ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել Քրեական ոստիկանության Երևանի քաղաքի վարչության պետ Հայկ Հարությունյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ArmLur.am-ը գրել էր, որ այսօր՝ սեպտեմբերի 23-ին, հերթական միջադեպն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:30-ի սահմաններում ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավթաշենի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Դավթաշենի խճուղուց դեպի Աշտարակ տանող ճանապարհահատվածում՝ «Մետալ բազա» ընկերության հարևանությամբ, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունենում, որի ժամանակ հնչել են կրակոցներ։

Ոստիկանության  Քրեական ոստիկանության Երևանի քաղաքի վարչության  պետ Հայկ Հարությունյանը 2025-ին 39.9 մլն դրամ եկամուտ է հայտարարագրել

2025 թվականի սկզբում Հայկ Հարությունյանի հայտարարագրում եղել է երկու բնակարան՝ երկուսն էլ համատեղ սեփականության իրավունքով։

Մեկը գտնվում է Արարատի մարզի Արտաշատում և ձեռք է բերվել 2001 թվականի հունվարի 30-ին, իսկ մյուսը՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանում, որը ձեռք է բերվել 2017 թվականի հոկտեմբերի 24-ին։

2025 թվականին նոր անշարժ գույք չի ձեռք բերել։ Փոխարենը՝ սեպտեմբերի 5-ին վաճառել է Արտաշատի բնակարանը 19,400,000 դրամով։

Տարվա վերջին հայտարարագրում մնացել է Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող բնակարանը։

LIXIANG-ը ձեռք է բերել 16.2 մլն դրամով, ապա վաճառել 16 մլն դրամով

Տարվա սկզբում Հայկ Հարությունյանն ունեցել է 2024 թվականի արտադրության LIXIANG մակնիշի մարդատար ավտոմեքենա, որը ձեռք էր բերել 2024 թվականի հունվարի 8-ին։

Այդ մեքենան, սակայն, օգոստոսի 12-ին վաճառել է 16,000,000 դրամով։ Տարվա վերջում տրանսպորտային միջոց չի հայտարարագրել։Բացի այդ, տարվա սկզբում բանկային ավանդ չի ունեցել, իսկ տարեվերջին հայտարարագրել է 7,000,000 դրամ ավանդ։

Դրամական միջոցները

Բանկային հաշիվների մնացորդները տարվա սկզբում կազմել են ընդհանուր 1,307,244 դրամ՝ 17,755 և 1,289,489 դրամ։

Տարվա վերջում դրանք կազմել են համապատասխանաբար 118,868 և 407,100 դրամ, ընդհանուր՝ 525,968 դրամ։

Կանխիկ դրամական միջոցները տարվա սկզբի 1,500,000 դրամից տարեվերջին հասել են 4,800,000 դրամի։

Եկամուտը՝ 39,944,225 դրամ

Հայկ Հարությունյանը 2025 թվականին հայտարարագրել է ընդհանուր 39,944,225 դրամ եկամուտ։

Դրանից 2,236,000 դրամը ստացել է «Ինեկոբանկ» ՓԲԸ-ից՝ որպես փոխառություն, ևս 5,000,000 դրամը՝ «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ից։

16,000,000 դրամը կազմել է գույքի օտարումից ստացված եկամուտը՝ Նարեկ Հակոբյանից։

5,320,964 դրամը կազմել է եկամտային հարկի վերադարձը՝ ՀՀ ֆինանսների նախարարությունից։

Միաժամանակ, 1,307,763 դրամ ստացել է «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամից՝ աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների տեսքով, իսկ 10,079,498 դրամ՝ ՀՀ դատախազությունից։

93.3 մլն դրամի վարկային պարտավորություններ

2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայկ Հարությունյանի վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը կազմել է ընդհանուր 93,300,586.56 դրամ։

Դրանցից 648,705 դրամ, 1,984,093 դրամ, 5,687,932 դրամ, 8,098,752 դրամ, 15,769,004 դրամ և 43,942,178 դրամ են դրամային պարտավորությունները, իսկ մեկ վարկի մնացորդը կազմել է 46,536 դոլար։

Հայտարարագրում նշված է, որ 46,536 դոլարի և 43,942,178 դրամի վարկերի նպատակային նշանակությունը կապված է բնակարանների հետ։

2025 թվականին վարկերի մարմանն ուղղված վճարումները կազմել են 14,608,513 դրամ։

Սոնա Գրիգորյան




Լրահոս