Armenian text to speach

Մարոկկոյում առաջին անգամ վարչապետի պաշտոնում կին է նշանակվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարոկկոյի թագավոր Մուհամեդ VI-ը քաղաքաշինության նախարար Ֆաթիմա Զահրա Մանսուրիին նշանակել է երկրի վարչապետ՝ նրան դարձնելով Մարոկկոյի առաջին կին վարչապետը։

Euronews-ի փոխանցմամբ՝ 50-ամյա իրավաբան Մանսուրին, որը մինչ նշանակումը նաև Մարաքեշի քաղաքապետն էր, ստացել է նոր կառավարություն ձևավորելու հանձնարարականը։ Նշանակումը տեղի է ունեցել խորհրդարանական ընտրությունների արդյունքների հրապարակումից չորս օր անց։ Ընտրություններում ամենաշատ ձայները ստացել է Մանսուրիի գլխավորած «Ազատության և արդիականության կուսակցությունը» (PAM)։

Մանսուրին արաբական աշխարհում վարչապետի պաշտոնը զբաղեցնող երկրորդ կինն է՝ Թունիսի նախկին վարչապետ Նաջլա Բուդենից հետո։

Նոր վարչապետը առաջիկա օրերին պետք է կոալիցիա ձևավորի, քանի որ Մարոկկոյի ընտրական համակարգի պայմաններում մեկ կուսակցության համար բացարձակ մեծամասնություն ստանալը դժվար է։

Նոր կառավարությունից ակնկալվում է մեծածավալ ներդրումների իրականացում՝ կապված 2030 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության հետ։ Միաժամանակ իշխանությունները հայտարարել են գնաճի դեմ պայքարի, աշխատավարձերի բարձրացման և նոր աշխատատեղերի ստեղծման նպատակների մասին։

Մանսուրին «Ազատության և արդիականության կուսակցությանը» միացել է դրա ստեղծումից՝ 2008 թվականից։ Նա երկու անգամ ղեկավարել է Մարաքեշի քաղաքապետարանը և եղել է խորհրդարանի պատգամավոր։ 2024 թվականին նա դարձել է կուսակցության առաջատար ղեկավարներից մեկը։

Մարոկկոյի Սահմանադրությամբ վարչապետին նշանակում է թագավորը, սակայն նա պետք է ընտրի խորհրդարանական ընտրություններում ամենաշատ տեղերը ստացած կուսակցության ներկայացուցչին։

Անի Վարդանյան




Լրահոս