Հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչության որոշմամբ Հայկ Սարգսյանը և Ավետիք Օրդյանը հեռացվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։
Քննարկվել են այլ օրակարգային հարցեր։
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը դեռ վաղ գրել էր․««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանի շուրջ կրքերը ՔՊ-ում դեռ չեն հանդարտվել։ Սարգսյանը, հիշեցնենք, հրապարակային քննադատության էր ենթարկել ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանին՝ նրան մեղադրելով խաղատնային բիզնեսին հովանավորելու և այդ ոլորտի շահերին սպասարկող օրենսդրական նախաձեռնություններ առաջ տանելու մեջ։ Ասել է թե՝ համարձակվել է խոսել ներքին խնդիրներից։
«Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ական աղբյուրների փոխանցմամբ՝ չի բացառվում, որ Հայկ Սարգսյանի հարցը կուսակցության ներսում վերջնական հանգուցալուծում ստանա։
Մեր տեղեկություններով՝ քննարկվում է երկու տարբերակ։ Առաջինի դեպքում Սարգսյանը կհրավիրվի ՔՊ վերահսկող հանձնաժողով, որտեղ նրանից պարզաբանումներ կպահանջեն հնչեցրած հայտարարությունների վերաբերյալ, ինչից հետո հանձնաժողովը համապատասխան որոշում կկայացնի կամ առաջարկություն կներկայացնի վերնախավին։
Երկրորդ տարբերակով՝ ՔՊ վարչությունը կարող է վերահսկող հանձնաժողովից պահանջել ներկայացնել Հայկ Սարգսյանի վերաբերյալ կուսակցության տրամադրության տակ եղած ամբողջ նյութն ու փաստերը։ Դրանք արդեն կքննարկվեն կուսակցության ղեկավար մակարդակում՝ ՔՊ վարչությունում, և Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կորոշվի՝ Սարգսյանին հեռացնե՞լ կուսակցությունից, թե՞ սահմանափակվել հերթական նկատողությամբ։























































































