Armenian text to speach

Փարիզում 20 տարվա ազատազրկման են դատապարտել հնդիկին՝ աղջիկներին խոշտանգող ու շանտաժի ենթարկող հանցախումբը ղեկավարելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փարիզի դատարանը 20 տարվա ազատազրկման է դատապարտել Հնդկաստանի 29-ամյա քաղաքացի Ռոհան Ռանեին, որը ղեկավարում էր անչափահաս աղջիկներին շանտաժի ենթարկող, սեռական գործողություններ պարտադրող և դաժանորեն խոշտանգող «CVLT» հանցախումբը։ Դատախազությունը պահանջում էր 30 տարվա բանտարկություն, հայտնում է France 24-ը։

Քննության համաձայն՝ հանցախումբը հարում էր ծայրահեղ աջակողմյան ու նեոնացիստական գաղափարախոսությանը՝ քարոզելով ռասիզմ, հակասեմիտիզմ, ինչպես նաև ատելություն ֆեմինիստների ու ԼԳԲՏ համայնքի հանդեպ։ Իրենց «ռազմական լորդեր» անվանող չարագործները «CVLT»-ի գործունեությունը ծավալել էին Discord հարթակում՝ COVID-19 համավարակի նախօրեին, որտեղ էլ Ռանեն ստանձնել էր պարագլխի դերը։

Դատարանի տվյալներով՝ բացահայտված տասնյակ տուժողների մեծ մասը 15 տարին չբոլորած ամերիկացի դեռահասներ էին։ Պաշտոնական հայց են ներկայացրել 18-ից 21 տարեկան վեց աղջիկներ։ Քննիչներին հաջողվել է պարզել շուրջ 20 տուժողի ինքնությունը, սակայն նրանց բոլորի հետ կապ հաստատել չի ստացվել։

Համացանցային ֆորումներում թիրախավորելով խոցելի դեռահասներին՝ խմբի անդամները նրանցից կորզում էին ինտիմ լուսանկարներ։ Այնուհետև, սպառնալով այդ լուսանկարները տարածել հարազատների ու դասընկերների շրջանում, ստիպում էին անվերապահորեն կատարել իրենց հրահանգները։

Տուժողներին պարտադրում էին դիմել սեռական գործողությունների և դանակով ինքնավնասումներ հասցնել․ որոշ դեպքերում աղջիկները ստիպված էին եղել սեփական մաշկին փորագրել իրենց չարչարողների անունները կամ նացիստական սվաստիկա։ Այս ամենն ուղեկցվում էր հանցախմբի անդամների անդադար վիրավորանքներով ու ծաղրանքով։

Հինգօրյա հիմնականում դռնփակ դատալսումներից հետո դատարանը Ռանեին մեղավոր ճանաչեց կազմակերպված խմբով իրականացված շորթման ու շանտաժի մեջ, որն ուղեկցվել էր ծանրացուցիչ հանգամանքներով՝ խոշտանգումներով և առանձնակի դաժանությամբ։

Ռանեին առաջին անգամ ձերբակալել էին Ֆրանսիայում 2021 թվականին։ Նա երկիր էր եկել Ֆրանսիայի հարավային Անտիբ քաղաքի բիզնես-դպրոցում սովորելու նպատակով, իսկ ավելի ուշ աշխատում էր որպես մարզիչ։ ԱՄՆ իշխանություններն էին ֆրանսիացի քննիչներին փոխանցել «CVLT»-ում նրա առանցքային դերի մասին տվյալները, ինչպես նաև նրա հայտարարությունները, որոնցում նա բացահայտ խոստովանում էր իր սադիստական հակումները բավարարելու ձգտման մասին։

ԱՄՆ Անհայտ կորած և շահագործման ենթարկված երեխաների ազգային կենտրոնը դեռ 2020 թվականին էր ահազանգել խմբավորման մասին։

Ֆրանսիական դատավարությունն ընթացել է դռնփակ՝ ամերիկյան կողմի միջնորդությամբ, թեև ԱՄՆ-ից որոշ տուժողներ պահանջում էին հանրային քննություն իրականացնել գործին լայն արձագանք տալու համար։ Քննության տվյալներով՝ սպառնալիքներ էին ստացել ոչ միայն տուժողներն ու վկաները, այլև ամերիկացի որոշ դատախազներ։

Ֆրանսիայում պատիժը կրելուց հետո ԱՄՆ-ն մտադիր է հասնել Ռանեի արտահանձնմանը։ Հանցախմբի մեկ այլ մասնակից՝ 26-ամյա ամերիկացի, ավելի վաղ ԱՄՆ-ում արդեն ազատազրկման էր դատապարտվել 12-ամյա աղջկան պղծելու մեղադրանքով։




Լրահոս