Armenian text to speach

Պենտագոնը հետաձգել է Ուկրաինային խոստացված Patriot հրթիռների մատակարարումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը դեռ չի հաստատել Ուկրաինային նախատեսված շուրջ 60 Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի հրթիռների փոխանցումը, չնայած Վաշինգտոնն ավելի վաղ համաձայնել էր դրանց մատակարարմանը։ Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։

Պարբերականի տվյալներով՝ խոսքը ամերիկյան արտադրության PAC-3 և PAC-2 հրթիռների մասին է։ Դրանց մի մասը գտնվում է եվրոպական զինանոցներում, իսկ մատակարարումը ֆինանսավորվում է Ուկրաինայի արևմտյան դաշնակիցների միջոցներով։

Աղբյուրների փոխանցմամբ՝ փոխանցման հաստատումը ձգձգվում է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի կողմից։ Խոսքը մասնավորապես PAC-3 հրթիռների չորս խմբաքանակի մասին է, որոնց մատակարարումը նախատեսված էր սեպտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում։ Սակայն դրանցից ոչ մեկի փոխանցումը դեռ չի հաստատվել։

Բացի այդ, Ուկրաինային հատկացված են նաև մոտ 20 ավելի հին մոդելի՝ PAC-2 հրթիռներ, որոնց մատակարարումը նույնպես սպասում է Պենտագոնի թույլտվությանը։

Financial Times-ը նաև հայտնում է, որ Պենտագոնը ձգձգում է Ուկրաինային Patriot համակարգերի համար սեփական հրթիռներ արտադրելու թույլտվության տրամադրման գործընթացը։ Ըստ հրապարակման՝ Հեգսեթն արդեն հավանություն է տվել այդ համաձայնագրին, սակայն այն հետագայում ուղարկվել է ԱՄՆ պաշտպանության նախարարի՝ գնումների և մատակարարումների հարցերով տեղակալ Մայքլ Դաֆիին՝ լրացուցիչ ուսումնասիրության։

Ուկրաինան բազմիցս հայտարարել է, որ հակաօդային պաշտպանության համակարգերի համար անհրաժեշտ հրթիռների լուրջ պակաս ունի՝ Ռուսաստանի շարունակվող հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարվածները հետ մղելու համար։

Financial Times-ի տվյալներով՝ ավելի վաղ ձգձգված NASAMS համակարգերի հրթիռների մատակարարումն արդեն հաստատվել է։ Իսկ Պենտագոնի ներկայացուցիչը պարբերականին հայտնել է, որ ԱՄՆ-ի՝ Ուկրաինային աջակցելու քաղաքականության մեջ փոփոխություն չկա, և Վաշինգտոնը շարունակում է աշխատել եվրոպացի գործընկերների և Կիևի հետ՝ Patriot համակարգերի արտադրության ոլորտում համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ։

Հիշեցնենք, որ անցած ամիս ԱՄՆ-ը հաստատել էր Ուկրաինային 500 PAC-3 հրթիռ վաճառելու գործարքը՝ շուրջ 2.1 միլիարդ դոլար արժողությամբ։ Սակայն այդ հրթիռների մատակարարումը նախատեսվում է միայն 2030-ականների սկզբին։

Անի Վարդանյան




Մամուլի Տեսություն

Լրահոս