«Ժողովուրդ» օրաթերթը դեռևս 2025 թվականի նոյեմբերին գրել էր, որ Ազգային ժողովի այն ժամանակվա նախագահ Ալեն Սիմոնյանը դատական հայց է ներկայացրել «Իմնեմնիմի» փոդքասթի հաղորդավարներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյան դեմ։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ մոտ մեկ տարի անց երկու գործերով էլ դատարանը որոշումներ է կայացրել՝ պարտավորեցնելով հաղորդավարներին հրապարակային ներողություն խնդրել Ալեն Սիմոնյանից, ինչպես նաև փոխհատուցում վճարել վերջինիս պատվին ու արժանապատվությանը հասցված վնասի համար։
Մասնավորապես, Նարեկ Սամսոնյանի գործով դատարանը վճռել է պարտավորեցնել նրան իր սոցիալական էջում՝ հրապարակային և բոլորի համար հասանելի եղանակով, ներողություն խնդրելու հայտարարություն տեղադրել՝ կապված հաղորդման ընթացքում հնչեցված արտահայտությունների հետ։
Բացի այդ, Սամսոնյանը պետք է Ալեն Սիմոնյանին վճարի 400 հազար դրամ՝ պատվին և արժանապատվությանը հասցված վնասի փոխհատուցման համար, ինչպես նաև 32 հազար դրամ, որպես նախապես վճարված պետական տուրք:
Դատարանը նաև սահմանել է փաստաբանի վարձատրության փոխհատուցում՝ 100 հազար դրամ:
Վազգեն Սաղաթելյանի գործով ևս դատարանը պարտավորեցրել է նրան հրապարակային ներողություն խնդրել Ալեն Սիմոնյանից և համապատասխան հայտարարություն տեղադրել սոցիալական էջում՝ հանրությանը հասանելի եղանակով։
Սաղաթելյանը պարտավոր է նաև վճարել 400 հազար դրամ՝ պատվին և արժանապատվությանը հասցված վնասի փոխհատուցման համար, 32 հազար դրամ՝ դատական ծախսերի, և 100 հազար դրամ՝ փաստաբանի խելամիտ վարձատրության դիմաց։
Նշենք, որ մոտ մեկ տարի առաջ կալանավորվել էին «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը: Ալեն Սիմոնյանը հաղորդում էր տվել իրավապահներին «Իմնեմնիմի» փոդքասթում հնչած վիրավորական արտահայտությունների և սպառնալիքների վերաբերյալ:
Սոնա Գրիգորյան























































































