Իսպանիայում հայտնաբերել են մի կնոջ մարմին, որին ջրի հոսանքը տարել էր երկրի հյուսիսարևելքում՝ Կատալոնիայում տեղի ունեցած ուժեղ փոթորկի ժամանակ։ Նա մահացել է հոկտեմբերի 18-ին՝ կիրակի օրը, երբ երեխայի հետ միասին փորձում էր փրկվել, հայտնում են իսպանական լրատվամիջոցները՝ հղում անելով տեղական ոստիկանությանը։
Միջադեպը տեղի է ունեցել Կաբրերա-դե-Մար քաղաքում՝ Բարսելոնայից մոտ 35 կմ հյուսիս-արևելք։ Կինն ու նրա երեխան հայտնվել են հոսանքի մեջ։ Նրա ամուսնուն հաջողվել է պահել երեխային, սակայն կնոջը տարել էր հոսանքը։
Գիշերային որոնումներից հետո նրա մարմինը կիրակի առավոտյան հայտնաբերվել է ծովում՝ Պրեմիա-դե-Մար քաղաքի մոտ, որը գտնվում է միջադեպի վայրից հարավ։
Ուժեղ հորդառատ անձրևներ են տեղացել նաև Անդալուսիայում։ Ջրհեղեղներ են տեղի ունեցել Ալխեսիրասում՝ Ջիբրալթարի մոտ, Էլ Էխիդոյում՝ Մալագայի մոտ, ինչպես նաև այլ բնակավայրերում։
Կիրակի օրը վտանգավոր եղանակի մասին նախազգուշացումներ են հայտարարվել նաև Վալենսիայի և Ալիկանտեի շրջաններում՝ Միջերկրական ծովի ափին։ Իսպանիայի պետական RTVE հեռուստառադիոընկերության տվյալներով, առավոտվա ընթացքում որոշ վայրերում տեղացել են ավելի քան 200 մմ տեղումներ։
2024 թվականի հոկտեմբերին Վալենսիայի տարածաշրջանը վերապրել էր Իսպանիայի պատմության ամենակործանարար ջրհեղեղներից մեկը։ Այդ ժամանակ զոհվել էր առնվազն 229 մարդ։
Իսպանիայի ազգային օդերևութաբանական AEMET գործակալությունը զգուշացնում է, որ մարդու գործունեությամբ պայմանավորված կլիմայի փոփոխության ֆոնին Միջերկրական ծովի ջերմաստիճանի բարձրացումը ուժեղացնում է գոլորշիացումը։ Դա մեծացնում է նման փոթորիկների առաջացման հավանականությունը և կարող է ուժեղացնել դրանց ինտենսիվությունը։




























