«Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում է հայտնվել բացառիկ տեսանյութ, թե ինչպես են ձերբակալում ՀՀ սահմանն ապօրինի հատած, հայ ընտանիքի տուն ներխուժած և մահափորձ իրականացրած ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևին ու Շաքիի բնակիչներից մեկի անասնագոմից դուրս հանում նրան։
Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 1-ին Շաքի գյուղում հայտնաբերվել էր ՀՀ սահմանն ապօրինի հատած և հայ ընտանիք ներխուժած, մահափորձ իրականացրած ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևին։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Մուսաևը իրավապահների մոտ արդարացել է, թե հայ ընտանիքի տուն մտնելիս որևէ մեկին վնասելու մտադրություն չի ունեցել։ Նրա պնդմամբ՝ մի քանի անգամ խնդրել է՝ «թողեք գնամ», սակայն, երբ տանտիրուհին բռնել է իր զենքի առաջամասից, ինքը կրակել է։ Ավելին՝ ադրբեջանցի զինծառայողը գրավոր պնդել է, թե դրանից հետո կինը և ընտանիքի անդամները հարձակվել են իր վրա, դանակով հարվածել ու ծեծել իրեն։ Կարծես՝ ինքը անմեղ կանգնած է եղել մի վայրում, հայ ընտանիքը հարձակվել է իր վրա:
Ուշագրավ է նաև Մուսաևի պատմած մեկ այլ դրվագ։ Ըստ նրա՝ ինքը, արդեն արնաքամ վիճակում, կարողացել է փախչել տնից, իսկ ավելի ուշ իրավապահները նրան հայտնաբերել են ՝ վիրավոր վիճակում։ Մինչդեռ ադրբեջանցի զինծառայողի կրակոցներից վիրավորված Անի Ավետիսյանը հոկտեմբերի 1-ին իր տանը տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ բավականին դաժան մանրամասներ էր պատմել։ Նրա խոսքով՝ զինված տղամարդը զենքն ուղղել է երեխաների վրա, ապա կրակել իր ուղղությամբ։ Կինը պատմել է, որ փորձել է պաշտպանել երեխաներին, բռնել զենքը, ինչի հետևանքով վնասվել է ձեռքը, իսկ հետագա կրակոցից՝ նաև ոտքը։
Նրա պնդմամբ՝ զինծառայողը փորձել է կրկին լիցքավորել զենքը, սակայն ի վերջո փախել է տնից։
«Եթե ես էդ րոպեին չկողմնորոշվեի, հիմա համ ես չէի լինի, համ էլ երեխեքը»,– ասել էր Անի Ավետիսյանը։
Այսպիսով՝ ադրբեջանցի զինծառայողի՝ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձած ցուցմունքն ու տուժած կնոջ հրապարակային պատմությունը էականորեն տարբերվում են։ Մի դեպքում զինծառայողը կրակոցը ներկայացնում է որպես ընտանիքի անդամների գործողություններին արձագանք, մյուս դեպքում կինը պնդում է, որ զինված անձից պաշտպանել է իրեն ու երեխաներին։
Այսպիսով, մինչ քննությունը ընթանում է քննչական կոմիտեում եւ ադրբեջանցի զինծառայողը կալանավորված է, ArmLur.am-ի ձեռքում է հայտնվել տեսանյութ, թե ինչպես են իրավապահները Շաքիի բնակիչներից մեկի անասնագոմից դուրս հանում ադրբեջանցի զինծառայողին:
Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին այլ մանրամասներ չենք ներկայացնում:
Քնար Մանուկյան
Մանրամասները ՝ տեսանյութում․




























