«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ստեփանավանում համայնքապետի ընտրություններին ընդառաջ ՔՊ-ի թեկնածու Արայիկ Ներսիսյանի օգտին ակտիվ աշխատանքներ են տանում ՔՊ խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանն ու ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
Մեր տեղեկություններով՝ օրերս Սուրեն Պապիկյանը նաև քեֆի է մասնակցել Ստեփանավանի՝ ՔՊ թեկնածու Արայիկ Ներսիսյանի հետ։
ՔՊ թեկնածու Արայիկ Ներսիսյանի անունը հանրային ուշադրության կենտրոնում է հայտնվել նաև նրա ունեցվածքի պատճառով։
«Ժողովուրդ» օրաթերթի հրապարակման համաձայն՝ Ներսիսյանի՝ 2025 թվականի հայտարարագրում նշված է 37 միավոր անշարժ գույք։ Դրանց թվում են 24 հողամաս, 5 բնակարան, 3 բնակելի տուն և այլ շինություններ։
Սակայն գույքով ցանկը չի ավարտվում։ Ըստ նույն հրապարակման՝ Ներսիսյանը հայտարարագրել է նաև 12 տրանսպորտային միջոց, որոնցից 6-ը տրակտորներ են։
Ֆինանսական միջոցների մասով հայտարարագրում նշված են՝
• 40 միլիոն դրամ կանխիկ գումար,
• 60 հազար ԱՄՆ դոլար կանխիկ գումար,
• 5,970,498 դրամ հայտարարագրված եկամուտ՝ 2025 թվականի համար,
• 23,047,000 դրամ վարկային պարտավորություններ՝ 2025 թվականի վերջի դրությամբ։
Հատկանշական է, որ նույն հրապարակման համաձայն՝ Արայիկ Ներսիսյանը Լոռի Բերդի գործող համայնքապետն է և գլխավորում է Ստեփանավանում ՔՊ-ի ավագանու նախընտրական ցուցակը։
Հարց է առաջանում՝ արդյոք Ստեփանավանի ընտրողներն ամբողջությամբ տեղեկացված են ՔՊ թեկնածուի գույքային դրության մասին, և ինչպե՞ս է իշխանությունը պատրաստվում հիմնավորել իր թեկնածուի շուրջ կենտրոնացած քաղաքական ակտիվությունը։
Մի բան հստակ է, որ հայրենի իշխանություններն ամեն գնով Արայիկ Ներսիսյանին ցանկանում են կրկին Ստեփանավանի համայանքապետ «կարգել»:
Սոնա Գրիգորյան



























