ArmԼur.am-ն արդեն տեղեկացրել էր, որ հոկտեմբերի 25-ին Ախուրյան խոշորացված համայնքում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ:
Մենք տեղեկացրել էինք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորում է գործող համայնքապետ Զավեն Մանուկյանը։ Նրա շուրջ վերջին տարիներին մի շարք հարցեր են բարձրացվել՝ սկսած շահերի բախման համար կիրառված վարչական տույժից մինչև համայնքային մարզամշակութային հաստատությունների վերակազմավորման դեմ աշխատակիցների բողոքները։
Ախուրյանի համայնքապետ Զավեն Մանուկյանը կրկին փորձում է համայնքի ղեկավարումը շարունակել ՔՊ-ի ցուցակով։ Սակայն ընտրություններին ընդառաջ նրա պաշտոնավարման վերաբերյալ հրապարակված տեղեկությունները մի շարք հարցեր են առաջացնում՝ համայնքային կառավարման թափանցիկության, շահերի բախման կանխարգելման և հանրային միջոցների օգտագործման վերաբերյալ։
Մանուկյանի պաշտոնավարման ընթացքում ամենաուշագրավ դրվագներից մեկը վերաբերում է շահերի բախման կանոնների խախտմանը։
«Հետք»-ի հրապարակման համաձայն՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 2025 թվականի ապրիլի 8-ին որոշում է կայացրել Մանուկյանի նկատմամբ կիրառել 300 հազար դրամ վարչական տույժ։
Խնդիրը կապված էր Ախուրյանի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Մարտիկ Մաթոսյանի և նրա մոր հետ առնչվող ընկերությունների՝ պետական մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների հետ կնքած պայմանագրերի համատեքստում շահերի բախման հնարավորության հետ։
«Սոֆոն» և «Սմարթվեյվ» ընկերությունները 2021-2024 թվականներին կնքել էին ընդհանուր 125.5 միլիոն դրամի 99 պայմանագիր։
Հանձնաժողովի եզրակացության համաձայն՝ Մանուկյանը պատշաճ քայլեր չէր ձեռնարկել շահերի բախումը կանխելու կամ դրա մասին սահմանված կարգով հայտարարելու ուղղությամբ։
Մանուկյանի ներկայացուցիչները, ըստ հրապարակման, նշել էին, որ պայմանագրերի կնքման ժամանակ համայնքի ղեկավարը տեղյակ չի եղել, որ «Սմարթվեյվ» ընկերության սեփականատերը Մաթոսյանն է։
Այս հանգամանքը կարևոր է, քանի որ շահերի բախման կանոնների խախտման համար վարչական պատասխանատվությունը նույնը չէ, ինչ կոռուպցիոն հանցագործության համար դատապարտվելը։ Այդուհանդերձ, պաշտոնատար անձի նկատմամբ նման որոշումը հանրային հետաքրքրության առարկա է, և ընտրողներն իրավունք ունեն իմանալու՝ ինչ հետևություններ են արվել այդ դեպքից հետո:
ArmԼur.am-ը տեղեկացրել էր, որ Մանուկյանի պաշտոնավարման ընթացքում քննադատության առիթ է դարձել նաև համայնքային մարզամշակութային հաստատությունների վերակազմավորման հարցը։
2023 թվականին համայնքի ավագանին քննարկել և որոշում էր ընդունել մարզադպրոցը, գրադարանը և «Ֆերմատա» արվեստի դպրոցը լուծարելու՝ նոր մարզամշակութային կենտրոն ստեղծելու նպատակով։
Մարզադպրոցի աշխատակիցները դեմ էին արտահայտվել նախաձեռնությանը՝ մտահոգություն հայտնելով որոշման ընդունման ընթացակարգի, իրենց կարծիքը հաշվի առնելու և աշխատատեղերի հնարավոր կրճատման վերաբերյալ։
Մարզադպրոցի տնօրեն, հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Լևոն Գեղամյանն ու աշխատակիցները պահանջել էին վերանայել որոշումը։ Համայնքի ղեկավարի կողմի հիմնավորումը կառույցների օպտիմալացումն էր։
Իսկ ինչ ունեցված ունի Զավեն Մանուկյանը:
Նրա հայտարարագրում նշված են համատեղ սեփականությամբ առանձնատուն Ախուրյանում, բնակարաններ Գյումրիում և Երևանում, հողամասեր Մայիսյան և Հովունի գյուղերում ու Գյումրիում, ինչպես նաև 2011 թվականի արտադրության Lexus LX ավտոմեքենա։
Նույն հրապարակման համաձայն՝ համայնքապետարանի աշխատավարձից նրա տարեկան եկամուտը կազմել է 7 միլիոն 90 հազար 541 դրամ:
Նշենք նաև, որ Զավեն Մանուկյանը համայնքի ղեկավար է դարձել 2023 թվականի հուլիսին՝ Արծրուն Իգիթյանի հրաժարականից հետո։ Իգիթյանը հրաժարականի պատճառ էր նշել առողջական խնդիրները։
Այդ ժամանակ ընդդիմադիր շրջանակներում հնչել էին պնդումներ, թե համայնքում իշխանության փոփոխությունն ուղեկցվել է ճնշումներով։ Որոշ հրապարակումներ գործընթացը ներկայացրել էին որպես իշխանության զավթում։
Սոնա Գրիգորյան




























