Նիժնի Նովգորոդի մարզի Կստովոյի շրջանում գտնվող արդյունաբերական ձեռնարկությունը զգալի վնասներ է կրել անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման հետևանքով, իր Telegram ալիքում հայտնել է մարզի նահանգապետ Գլեբ Նիկիտինը։
Նրա վկայությամբ, գիշերը և առավոտյան մարզի տարածքում ոչնչացվել է ավելի քան 100 անօդաչու թռչող սարք։ Նախնական տվյալներով, հարձակման հետևանքով ոչ ոք չի տուժել։ Քաղաքացիական ենթակառուցվածքներին և գույքին հասցված վնասի չափը ճշտվում է։
Հետևանքները վերացնելու համար ներգրավվել են անհրաժեշտ ուժերն ու միջոցները, տեղերում աշխատում են օպերատիվ ծառայությունները։ Նիկիտինը նախազգուշացրել է, որ կոմունալ ցանցերի առանձին հատվածներում հնարավոր են էլեկտրամատակարարման ժամանակավոր անջատումներ, ինչպես նաև բնակելի շենքերում տաք ջրամատակարարման և ջեռուցման ցուցանիշների նվազում։ Այն բնակիչներին, որոնց գույքը վնասվել է, խոստացել են օգնություն ցուցաբերել։
Նահանգապետը հայտարարել է, որ մարզի օդային տարածքի պաշտպանությունը շարունակվում է, և բնակիչներին կոչ է արել պահպանել անվտանգության կանոնները։
Ուկրաինական լրատվամիջոցների տվյալներով, հարձակման թիրախը կարող էր լինել Կստովոյում գտնվող «Լուկօյլ-Նիժեգորոդնեֆտեօրգսինթեզ» նավթավերամշակման գործարանը։




























