Armenian text to speach

Առավոտյան Նիկոլ Փաշինյանը ԱԺ կգնա. ի՞նչ է քննարկվելու խորհրդարանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը տեղեկացավ, որ առավոտյան Ազգային ժողովում բյուջետային քննարկումների թեժ օր է սպասվում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարան կգնա՝ ներկայացնելու 2027 թվականի պետական բյուջեի նախագիծը։ Խորհրդարանականները կքննարկեն, թե ինչ ֆինանսական քաղաքականություն է նախատեսում կառավարությունը հաջորդ տարվա համար, ինչ եկամուտներ է ակնկալում և ինչպես է պատրաստվում ծախսել պետական միջոցները։

Բյուջեի քննարկումները տեղի կունենան ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերի շրջանակում։ Օրակարգում ոչ միայն թվերն են, այլև կառավարության ֆինանսական առաջնահերթությունները, ծախսերի կառուցվածքն ու սոցիալական պարտավորությունները։

Armlur.am-ը տեղեկացրել էր, որ Կառավարության ներկայացրած նախագծով՝ 2027 թվականի պետական բյուջեի եկամուտները նախատեսվում են 3 տրիլիոն 603.8 միլիարդ դրամ, ծախսերը՝ 4 տրիլիոն 72 միլիարդ դրամ, իսկ բյուջեի պակասուրդը՝ 468.2 միլիարդ դրամ։

Այսինքն՝ կառավարությունը նախատեսում է ծախսել ավելի շատ, քան կհավաքի։ Պակասուրդի ֆինանսավորման համար նախատեսվում է ներգրավել 187.5 միլիարդ դրամ ներքին և 280.7 միլիարդ դրամ արտաքին աղբյուրներից։

Կառավարության կանխատեսմամբ՝ 2027 թվականին տնտեսական աճը կկազմի 5.8 տոկոս։ Սակայն այս թվերի հետևում քաղաքացիների համար ամենակարևոր հարցն է՝ արդյոք նախատեսված տնտեսական աճն ու պետական ծախսերը կանդրադառնան մարդկանց սոցիալական վիճակի վրա։

Իսկ Նոյեմբերի 2-ին ԱԺ-ում նախատեսված են երկու համատեղ նիստեր։

Ժամը 10։00-ին կմեկնարկի ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որի օրակարգում են՝

● «Հայաստանի Հանրապետության 2027 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումը։
● Բյուջեի նախագծի մշակման սկզբունքները և դրա հիմքում դրված հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները։
● Եկամուտների ձևավորման և ծախսերի կառուցվածքի քննարկումը։
● Բյուջեի ծախսերի կառուցվածքն ու ծախսային քաղաքականությունը։
● Բյուջեի կատարման համար անհրաժեշտ օրենսդրական ապահովումը։

Այսպիսով, վաղվա խորհրդարանական քննարկումները կվերաբերեն ոչ միայն պետական բյուջեի թվերին, այլև այն հարցին, թե ինչպես են հաջորդ տարի բաշխվելու պետական միջոցները և ինչ պարտավորություններ է ստանձնում կառավարությունը քաղաքացիների առաջ։

Բյուջեի նախնական քննարկումները ԱԺ մշտական հանձնաժողովներում կշարունակվեն մինչև նոյեմբերի 11-ը։ Իսկ նախագծի քննարկումը խորհրդարանի լիագումար նիստում նախատեսված է նոյեմբերի 17-ից մեկնարկող հերթական նիստերի ընթացքում։

Սոնա Գրիգորյան




Մամուլի Տեսություն

Լրահոս