Ինչպես արդեն հաղորդել էր ArmLur.am-ը՝ մի շարք համայնքներում, այդ թվում՝ Մասիսում, դեկտեմբերի 13-ին սպասվում են ՏԻՄ ընտրություններ։ Մասիսում ընտրապայքարը խոստանում է թեժ լինել. համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում են նախկին քաղաքապետի որդին՝ իշխանության թեկնածուն, և տարիներ շարունակ համայնքը ղեկավարած նախկին համայնքապետը։
«Ժողովուրդ» օրաթերթն ավելի վաղ անդրադարձել էր Մասիսի համայնքապետի պաշտոնի հավանական թեկնածուներին՝ Հովհաննես Հակոբյանին և Դավիթ Համբարձումյանին։ Այժմ երկուսի առաջադրումն էլ արդեն հայտնի է։
Հովհաննես Հակոբյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն է։ Նա ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Մասիսի անձնագրային բաժնի պետն է, Մասիսի նախկին քաղաքապետ Սաշա Հակոբյանի որդին։
Հովհաննես Հակոբյանի անունը վերջին շրջանում հայտնվել էր հանրային քննարկումների կենտրոնում՝ ընտրություններից առաջ երեխային հեռախոս խոստանալու տեսանյութի պատճառով։ Տեսանյութում նա փոքր տղային հեռախոս է խոստանում, որից հետո ներկաները երեխային հորդորում են երգով շնորհակալություն հայտնել թեկնածուին, իսկ երեխան կոչ է անում ընտրել նրան։
Հակոբյանն ավելի ուշ պարզաբանել էր, որ հեռախոսը երեխային խոստացել է նվիրել ընտրություններից հետո։ Սակայն դեպքը իրավապահների ուշադրությանն է արժանացել. հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել՝ ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքը խախտելու հատկանիշներով։ Այս պահին դեպքի առթիվ կատարվում է նախաքննություն։
Մյուս թեկնածուն Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանն է, որը գլխավորելու է «Կառուցող» դաշինքի ընտրական ցուցակը։ Նրա առաջադրումը որոշվել է նոյեմբերի 4-ին ՀՀԿ գործադիր մարմնի նիստում, իսկ նոյեմբերի 5-ին դաշինքի կազմում ընդգրկված «Իմ հզոր համայնք» կուսակցությունը ևս հաստատել է ընտրություններին մասնակցելու որոշումը։
«Կառուցող» դաշինքի կազմում ընդգրկված են Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և «Իմ հզոր համայնք» կուսակցությունը։
Դավիթ Համբարձումյանը Մասիսի համայնքը ղեկավարել է 2016 թվականից։ Նա 2025 թվականի հոկտեմբերի 23-ին դատապարտվել էր 6 տարի 3 ամիս ազատազրկման՝ 2018 թվականի ապրիլի 22-ին Հայանիստ-Հովտաշատ խաչմերուկում ցուցարարների նկատմամբ զենքի գործադրմամբ բռնություն կիրառելու գործով։ Սակայն 2026 թվականի հունվարին Վերաքննիչ քրեական դատարանը մասնակի բավարարել էր պաշտպանների բողոքը՝ բեկանելով առաջին ատյանի վճիռը և կալանքը փոխարինելով տնային կալանքով, գրավով ու բացակայելու արգելքով։
Հատկանշական է, որ 2021 թվականի ՏԻՄ ընտրություններում Համբարձումյանի գլխավորած դաշինքը հաղթանակ էր տարել։ Այսպիսով, նա կրկին փորձում է պահպանել իր քաղաքական ազդեցությունը Մասիսում՝ այս անգամ «Կառուցող» դաշինքի ցուցակով։
Իսկ Մասիսի գործող համայնքապետ Նորայր Հակոբյանը դեռևս չի հայտարարել առաջիկա ընտրություններին մասնակցելու մասին։ Նա համայնքի ղեկավար է ընտրվել 2025 թվականի նոյեմբերի 17-ին տեղի ունեցած ավագանու արտահերթ նիստում՝ ստանալով 15 ձայն։ Մինչ այդ զբաղեցնում էր համայնքի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը։ Նորայր Հակոբյանը ներկայացնում էր «Դավիթ Համբարձումյան դաշինք» խմբակցությունը, իսկ ՔՊ-ն այդ նիստում թեկնածու չէր առաջադրել։
Ստացվում է՝ Մասիսում ընտրապայքարի հիմնական դեմքերն արդեն հայտնի են։ Մի կողմից՝ իշխանության թեկնածու Հովհաննես Հակոբյանն է՝ նախկին քաղաքապետի որդին, մյուս կողմից՝ տարիներ շարունակ համայնքը ղեկավարած Դավիթ Համբարձումյանը, որը փորձում է վերադառնալ համայնքային իշխանություն։
Դեկտեմբերի 13-ի ընտրությունները ցույց կտան՝ արդյոք ՔՊ-ին կհաջողվի Մասիսում փոխել տարիներ շարունակ ձևավորված քաղաքական դասավորությունը, թե՞ Դավիթ Համբարձումյանին կրկին կհաջողվի պահպանել իր ազդեցությունը համայնքում։
Աննա Հանյան




























