«Իրենց ազատամարտիկ համարող իշխանավորներին մե՛նք ենք կռվել սովորեցրել»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անհերքելի փաստ է, որ նախագահ Սերժ Սարգսյանը, մայիսյան տոներին ընդառաջ, շքանշաններ և մեդալներ է շնորհում միայն այն ազատամարտիկներին, որոնց առաջադրում է Երկրապահ կամավորների միությունը:

Իսկ թե ինչու են անտեսվում նրանք, ովքեր ոչ պակաս մասնակցություն են ունեցել ազատամարտերին և պատրաստ են եղել զոհել իրենց կյանքը հայրենիքի պաշտպանության համար, դժվար չէ պատկերացնել:

«Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը միանգամայն վստահ է, որ պարգևատրվող «ազատամարտիկներն» իշխանությանը մոտ կանգնածներն են, ովքեր պատերազմի տարիներին զբաղվել են քաղաքականությամբ և իրենց կաբինետներից հրահանգներ են տվել, սակայն անմիջական մասնակցություն պատերազմին չեն ունեցել:

Ազատամարտիկն Armlur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Երկրապահի համագումարների ժամանակ նախագահի արած այն հայտարարությանը, թե ինքը երկար ժամանակ մտածել է` ում պետք է պարգևատրել, նշեց.

«Նախագահն ասեց, թե սա երկրապահն է, սա մեր թիմն է, մեր ընկերներն են ու արժանիները: Փաստորեն, այն տղաները, ովքեր երկրապահի մեջ չեն, չունեն մեծ մտահորիզոն: Այսինքն` անփորձ մարդկանց նշանավորենք, իսկ ովքեր իրենց հետ չեն, պարգևատրում չեն ստանա: Սերժ Սարգսյանն ասում է` ովքեր մեզ հետ չեն, նվնվում են, լաց են լինում, փող են ուզում, թե չէ հեղափոխություն կանեն: Ես պատճառը միայն դրա հետ եմ կապում, այսինքն՝ եթե իրենց հետ չի, ոչ մի պարգևատրում»,- վրդովված ասաց Մանվել Եղիազարյանը:

«Արաբոյի» հրամանատարը վստահեցրեց, որ իրենք իշխանավորների նման չեն, և իրենց համար ընկերներից, շրջապատից առավել սրբություն կա` հայրենիքը:

«Մենք մեր հայրենիքին նայում ենք որպես մատուռ, սրբատեղի: Իսկ նախագահը, փաստորեն, հիմք է ընդունում միայն երկրապահի առաջարկները: Ու շատ հնարավոր է, որ նախագահին ձեռք է տալիս այդ անձանց պարգևատրել: Նրանք բառիս բուն իմաստով արհամարհում են մեզ, մեզ օտարի տեղ են դնում: Դրանից բացի՝ մեզնից որոշ մարդկանց լեզուները երկար են, չեն համակերպվում այսօրվա իշխանությունների հետ, դրա համար էլ իրենց չեն պարգևատրում»,- պարզաբանեց ազատամարտիկը:

Ինչ վերաբերում է իրեն չպարգևատրելուն, Մանվել Եղիազարյանը նշեց, որ թեպետ ինքը երբեք չի ցանկացել բարձրաձայնել, սակայն եկել է այն պահը, որ լռել հնարավոր չէ:

Ազատամարտիկի համոզմամբ` իրեն չպարգևատրելը կապված է այն հանգամանքի հետ, որ ինքը երբեք չի հարաբերվել որևէ իշխանավորի կամ կշիռ ունեցող մեկի հետ:

«Մեր գործը նրանցից ավել է, ու շատ ու շատ իշխանավորների, որ իրենց ազատամարտի մասնակիցն են համարում, մենք ենք կռվել սովորեցրել, մենք ենք ցույց տվել, թե ինչպես կարելի է թշնամուն պատժել: Նրանց մեծամասնությունը 92-ին չի կռվել: Նրանք ասում են, թե պատերազմը սկսել է 1992-94 թվականին, որովհետև իրենք չեն կռվել: Մեզնից մարդիկ կան, որ ո՛չ ընդդիմության հետ են, ո՛չ իշխանության, այլ հայրենիքի ու ժողովրդի, ու այդպիսի մարդիկ ընդունելի չեն իրենց համար: 1994 թվականից էլ ես ասեցի, որ մենք գնում ենք դեպի անդունդը, չեմ հարաբերվել ոչ մի իշխանության հետ, պատճառը հենց դա է, որ ինձ չեն պարգևատրում»,- ասաց ազատամարտիկ Մանվել Եղիազարյանը:

Այն հարցին, թե արդյոք մենք հիմա պատրաստ ենք պատերազմի, «Արաբո» ջոկատի հրամանատարը վստահեցրեց, որ չկարողանալ կամ պատրաստ չլինել չպետք է լինի, իսկ չհաղթելու մասին խոսք անգամ լինել չի կարող:

«Մենք պետք է անմահանանք: Դրա համար էլ պետք է ղեկավարի այն մարդը, ով կկարողանա մարդկանց ճիշտ գրոհի տանել: Գիտե՞ք՝ ինչ դժվար է, երբ ասում են «առաջ»: Ամեն հրամանատար չի, որ ընդունակ է դա անել: Կռվողը նա չէ, որ հրահանգ է տալիս «առաջ», այլ նա է, ով հրահանգելով հանդերձ` իր մասնակցությունն է ունենում»,- եզրափակեց «Արաբո» ջոկատի հրամանատարը:

Տաթև Հարությունյան




Լրահոս