ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԳԼՈՒԽԿՈՏՐՈՒԿԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Աժ-ում շարունակվեց նախորդ օրվանից կիսատ մնացած վիճահարույց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը: Այն կառավարության անունից ԱԺ էր բերել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ով էլ հարցով հիմնական զեկուցողն էր:

Օրինագծի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը կասկածի տակ դրեց ՍԴ ապրիլի 2-ի որոշումը` ասելով. «Եթե ՍԴ վերջին որոշումը միայն իրավական եւ սահմանադրական լիներ, հրաշալի կլիներ, եւ մենք այսօր այս խնդրի առաջ չէինք կանգնի, հստակ կլիներ ՍԴ-ի պահանջը եւ մենք պարտավոր էինք շրջել գործող օրենսդրությունը ՍԴ որոշման համաձայն»: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն էլ նշեց, որ այսօր էլ շարունակվում են պարտադիր պահումները եւ օրինակ բերեց իր օգնականին, որի աշխատավարձից արդեն պահում են կատարել:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը պատասխանելով պատգամավորների այն հարցին, թե վեջիվերջո պահումներ կատարվելու են, թե ոչ` ասաց. «Խնդիրն այն է, որ ՍԴ որոշումը մեկը մի կերպ է մեկնաբանում, ես` մի կերպ, երրորդ անձն` այլ կերպ: Ես ներկայացնում եմ այն խնդիրները, որոնց ներքո մենք առաջարկում ենք լուծել այս խնդիրը` բոլորի հետ միաձայն, ձեզ հետ քննարկելով, բայց ժամանակ եւ աշխատանք է պետք այդ ամբողջական խնդիրները լուծելու համար: Գանձումները եղել են գործող օրենքի շրջանակներում եւ ՍԴ-ն տրամադրել է ժամկետ, որ մենք լուծումներ տանք»:
Նոր օրինագծով նախատեսվում է «պարտադիր» բաղադրիչի յուրահատուկ կիրառություն: Այսինքն` գործատուն իր աշխատակցից պետք է գրավոր համաձայնություն կամ անհամաձայնություն ստանա կենսաթոշակային վճար գանձելու վերաբերյալ: Սրանով, ինչպես պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նկատեց, Հովիկ Աբրահամյանի կառավարությունը փորձում է կուտակայինի հարցը կառավարության վրայից տեղափոխել գործատու-աշխատակից հարաբերությունների դաշտ: Արդյունքում իշխանությունները «պարտադիրի» գործառույթը կիրականացնեն պետական գերատեսչությունների եւ իրենց հպատակ գործարարների միջոցով: Իհարկե կլինեն գործատուներ, ովքեր պարտադիր պահումներ չեն կատարի, ինչպես որ եղավ վերջին ամիսների ընթացքում, սակայն նման գործատուների թիվը շատ քիչ է:

ՏԻՐԱՅՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ




Լրահոս