ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՈՎ Է ՍՏՈՒՄ

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Էլինար Վարդանյանը, պարզվում է՝ ոչ միայն մասնակցել է ԱԺ նախագահի ընտրություններին, ավելին՝ իր պնդմամբ՝ քվեարկել է ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանի օգտին: Թե ինչպես է ստացվում նման բան անհասկանալի է բոլորի համար: Եթե պատգամավորն իսկապես ճշմարտությունն է ասում, ապա այդ դեպքում որտեղ է նրա «կողմ» քվեաթերթիկը, քանզի հայտնի է, որ Հ. Բագրատյանի օգտին քվեարկել են ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանն ու ինքը` Հ. Բագրատյանը: Ստացվում է՝ պատգամավորն անսկզբունքային գործիչ է, քանի որ, հակառակ դեպքում, նա գոնե իր ձայնի իրավունքը պահելու համար կբարձրաձայներ դրա մասին կամ էլ կպահանջեր վերահաշվարկ` «առեղծվածը» բացահայտելու համար:

ՀԵՌԱՑԱՎ ՄՈՌԱՑԱՎ

Օրեր առաջ, երբ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է կառավարական երրորդ մասնաշենք եւ նախարարների նշանակում կատարել, շատ տխուր մի իրավիճակ է ստեղծվել: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանն այդ արարողության ընթացքում բավականին տխուր է եղել: Ավելին՝ երբ վարչապետը հեռացել է, նրանից անմիջապես հետո կառավարության շենքից հեռացել է նաեւ Դերենիկ Դումանյանը` իր հետ ոչինչ չտանելով եւ գնալիս անգամ ցտեսություն չի ասել: Իսկ երեկ ՀՀ կառավարության նիստի ավարտից հետո առողջապահության նորանշանակ նախարար Արմեն Մուրադյանը մենակ չէր եկել կառավարություն: Նրան ուղեկցում էր ԱՆ աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը:

ԼՅՈՒՍՏՐԱՑԻԱ

ՀՀԿ-ն երեկ նվազագույն ձայներով՝ 67 կողմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունեց «Ակցիզային հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Սա՝ ԱԺ հինգ խմբակցությունների բոյկոտից հետո: Հատկանշական է, որ նախագծին ՀՀԿ-ականներից բացի կողմ քվեարկեց նաեւ անկախ պատգամավոր, իրեն ընդդիմադիր հռչակած Խաչատուր Քոքոբելյանը: Ասել է թե` նա ճակատագրական պահին օգնության հասավ իշխանություններին: Նրա այս քայլը հիմք էր տվել որոշ պատգամավորների մասնավոր զրույցներում պնդելու. «Որ ասում էինք` Քոքոբելյանն իշխանությունների մա՞րդն է: Սրանից լավ էլ ի՞նչ ապացույց, երբ նեղ պահին քվորում ապահովեց ու կողմ քվեարկեց»:

ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ

Մայիսի 1-ը` Աշխատավորների համերաշխության միջազգային օրը, Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանն անցկացնելու է Տավուշի մարզի Շամշադին քաղաքում՝ մանկության ընկերների հետ: «Դա մեր բոլորի համար հոգեհարազատ տոն է: Ամբողջ ժողովրդի համար դա մեծ ավանդույթ է ձեռք բերել խորհրդային տարիներից: Այնպես որ, այն մարդկանց հուշերում կարելի է համարել որպես գարնան զարթուցիչ: Այն անպայման տոնելու եմ, այն էլ՝ իմ մանկական ընկերների հետ, հարազատ միջավայրում, որտեղ ծնունդ ենք առել»,-ասաց հավերժ մարքսիստը:




Լրահոս