ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՈՍԿԵՐԻՉՆԵՐԸ ՀԵՌԱՆՈՒՄ ԵՆ

Երեւանի ոսկու շուկայում աշխատող ոսկերիչների մի մասն արդեն սկսել է վաճառել ոսկերչական գործիքները: Բանն այն է, որ ոսկու շուկայի ոսկերիչների մի մասը տաղավարների վարձավճարների թանկացման եւ առեւտրի նվազման պատճառով սկսել են փակել իրենց ոսկու արտադրամասերը: «Չենք կարողանում վճարել արհեստանոցների վարձերը, առեւտուր չկա: Ի՞նչ անենք: Կամ պետք է գնանք տանը ոսկի վաճառենք, կամ էլ՝ Ռուսաստանի Դաշնություն մեկնենք: Հուրախություն մեզ, այնտեղ ոսկերիչների կարիք են զգում»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում դժգոհեց ոսկերիչ Բագրատը: Նրա խոսքով՝ այս պատկերն ավելի կբարդանա մայիս ամսին, երբ կսկսվեն արհեստանոցների բարձրացված վարձերի վճարումները:

ԴԵՌ ՉԻ ՆՇԱՆԱԿՎԵԼ

«Ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել էր, որ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի դուստրը` Աննա Աբրահամյանը, Արդարադատության նախարարությունում նոտարի որակավորման հաջող քննություն էր հանձնել: Նախարարության լրատվության բաժնից փորձեցինք ճշտել, թե որտեղ է վարչապետի դուստրը նոտար նշանակվել, որտեղից էլ մեզ տեղեկացրեցին, որ նշանակումներ դեռ չեն եղել:

ԲԱՑ ՉԹՈՂՆԵՔ, ԿԿԱԽՎԵՄ

Armlur.am-ի փոխանցմամբ` «Արթիկ» ՔԿՀ դատապարտյալ, տնտեսական բաժնի աշխատող Հովհաննեսը երեկ փորձել է ինքնասպանություն գործել` իրեն ծառից կախելով, սակայն ՔԿՀ աշխատակիցներին հաջողվել է կանխել ինքնասպանությունը: Armlur.am-ին հայտնի է դարձել, որ դատապարտյալին ներկայացվել է վարչական նիստի ծանուցագիր` վաղաժամկետ պայմանական ազատման մասին: Սակայն ՔԿՀ ադմինիստրացիան, նպատակահարմար չգտնելով դատապարտյալի վաղաժամկետ պայմանական ազատումը եւ հավանություն չտալով դրան, մերժել է նրան ուղարկել դատական նիստին, ինչն էլ հանգեցրել է դատապարտյալի կողմից ինքնասպանության փորձ կատարելուն: Դատապարտյալը երկրորդ կարգի հաշմանդամ է, նրա կալանքի ժամկետի լրանալուն մնացել է 5 ամիս:

ՓՈՂՈՑԸ ՀԱՐՄԱՐ ՉԷ ԱՇՈՏՅԱՆԻՆ

Պատասխանելով լրագրողների հարցին` թե ինչու չի իջել հանդիպելու նախարարության շենքի մոտ պարտադիր կուտակային կենսաթոշակների դեմ բողոքի ակցիա իրականացնող մի խումբ ուսուցիչների հետ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ասել է. «Փողոցը շատ հարմար տեղ է խնդիր բարձրացնելու համար, բայց հարմար չէ այդ խնդիրները քննարկելու համար»: Նախարարը նշել է, որ իր նախաձեռնությամբ, երկու անգամ մասնակիցներին հրավիրել է նախարարություն՝ քննարկելու ոչ միայն այն խնդիրը, որն իրենց մտահոգում էր, այլեւ կրթության ոլորտի մի շարք խնդիրներ: Աշոտյանը նաեւ հայտնել է, որ ապրիլ ամսվա աշխատավարձից պահումներ չեն լինելու:

ՍՊԱՍԵԼԻՔ ՉՈՒՆԵՆ

Armlur.am-ը Համահայկական բնապահպանական ճակատի (ՀԲՃ) ղեկավար, բնապահպան Լեւոն Գալստյանից հետաքրքրվեց` ի՞նչ սպասելիքներ ունեն բնապահպանները նորանշանակ նախարար Արամայիս Գրիգորյանից: Լ. Գալստյանն ասաց, որ ծանոթ չէ այդ պաշտոնյայի գործունեությանը, բայց սրտատրոփ չէր էլ սպասում, թե ով է նշանակվելու բնապահպանության նախարարի պաշտոնում. «Ես հիմա հայտնում եմ ՀԲՃ-ի կարծիքը: Ներկայիս համակարգում չի իրականացվում բնապահպանական քաղաքականություն: Նախարարը կարող է միայն իր գիտելիքների ու խարիզմատիկ լինելու շնորհիվ քայլեր կատարել: Բայց ներկա համակարգում ռեալ փոփոխություններ անել հնարավոր չէ»:




Լրահոս