Մարզահամերգային համալիրի մութ պատմությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ տեղեկություն տարածվեց, որ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը հանվել է աճուրդի: Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կայքից տեղեկանում ենք, որ աճուրդում համալիրի մեկնարկային գինը 19 միլիարդ դրամից ավելին է:

Նշենք, որ համալիրի շենքը  2005 թվականին վաճառվել էր ԲԱՄՕ ընկերությանը 5,7 միլիոն դոլարով: ԲԱՄՕ-ն ռուսական ընկերություն է, որը հիմնադրել են Մուրադյան եղբայրները: Մինչ այդ համալիրը գտնվում էր անմխիթար վիճակում:

Ընկերությունն այդ ժամանակ նորոգեց Մարզահամերգային համալիրը, և այն վերաբացվեց 2008 թվականին. բացմանը ներկա եղավ նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Այդ ժամանակ ընկերությունը հայտարարեց, որ համալիրի նորոգման համար ծախսվել է մոտ 42 միլիոն դոլար:

ԲԱՄՕ ընկերության հիմնադիր Հովիկ Մուրադյանը 2013-ին դանակահարվեց և սպանվեց Մոսկվայում, նրա սպանությունը մինչ այժմ բացահայտված չէ, իսկ ընկերության նախագահ Մուրադ Մուրադյանին ՀՀ նախագահը 2010 թվականին նշանակել էր Իրաքում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան:

Աճուրդի շուրջ ստեղծված աղմուկից հետո ԴԱՀԿ-ն երեկ պաշտոնական հաղորդագրությամբ պարզաբանեց համալիրը աճուրդի հանելու պատճառները:

Ըստ ծառայության պաշտոնական հաղորդագրության` Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից տրված կատարողական թերթի համաձայն` պետք է «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 10 մլրդ 207 մլն 755 հազար 909,51 ՀՀ դրամ գումար: Փորձագետի եզրակացությամբ` նշված գույքը գնահատվել է 25 մլրդ 800 մլն ՀՀ դրամ, ինչի արդյունքում օրենքով սահմանված կարգով 05.05.2014թ. որոշում է կայացվել գույքի հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին` մեկնարկային գին սահմանելով գնահատված լոտի գնի 75 տոկոսի չափով, այն է` 19 մլրդ 350 մլն ՀՀ դրամ:

Նշենք նաև, որ մարզահամերգային համալիրի բաժնետոմսերի 75 տոկոսը ԲԱՄՕ-ի սեփականատերերը գրավ էին դրել, քանի որ 20 մլն դոլար վերցրած վարկի հետ կապված խնդիրներ էին առաջացել: 2009թ. Հայաստանին հատկացված «ռուսական վարկից» ավելի քան 50 մլն դոլար է տրամադրվել «ԲԱՄՕ»-ի սեփականատերերին:

Ըստ շրջանառվող լուրերի` Մուրադյան եղբայրները ՀՀ կառավարությունից իրենց մեկ այլ ընկերության անունով 20 միլիոն դոլարի վարկ էին վերցրել, որի դիմաց գրավադրել էին Մարզահամերգային համալիրի բաժնետոմսերի 75 տոկոսը: Սակայն 2011-ից սկսած՝ վարկային պարտավորությունների կատարման հետ կապված խնդիրներ են առաջացել: Արդյունքում՝ 2009-ից «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 75 տոկոսը գտնվում է ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայության տակ:

Աճուրդի համար սահմանվել է 10 օր ժամկետ. այն կավարտվի մայիսի 29-ին: Թե ով կլինի մարզահամերգային համալիրի նոր սեփականատերը, և թե ինչ է սպասվում խորհրդային ճարտարապետության նմուշներից մեկին աճուրդից հետո, դեռ պարզ չէ: Սակայն չի բացառվում, որ այն կարող է վերածվեր հյուրանոցային կամ ժամանցի մեկ այլ վայրի:




Լրահոս