Հանքերի «արքա» Վարդան Այվազյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային Ժողովի պատգամավոր Վարդան Այվազյանի անունը բազմիցս կապվել է աղմկահարույց իրադարձությունների հետ: Քիչ չեն տեղեկությունները` նրա տասնյակից ավել հանքեր ունենալու մասին:

Վարդան Այվազյանն իր աշխատանքային գործունեությունը սկսել է Հրազդանի կաթի գործարանում` աշխատելով որպես բանվոր, ապա վարպետ, արտադրամասի պետ, գլխավոր ինժեներ: Այսպես աստիճանաբար նա դարձել է նախ Չարենցավանի քաղաքապետ, պատգամավոր, ապա 6 տարի զբաղեցրել Բնապահպանության նախարարի պաշտոնը, ապա նորից վերադարձել խորհրդարան, որտեղ էլ շարունակում է մնալ մինչ այժմ:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված պատգամավորի հայտարարագիրը չի փայլում առատությամբ: Նա չի հայտարարագրել ոչ մի տեսակի շարժական կամ անշարժ գույք: Ըստ հայտարարագրի` նրա դրամական միջոցները կազմում են 12 մլն 900 հազար դրամ և 72 հազար դոլար: Սակայն հանքատեր պատգամավորի միակ եկամուտն աշխատավարձն է:

ayvazyan

Ըստ մամուլի հրապարակումների` Վարդան Այվազյանն ունի բազմաթիվ հանքեր, որոնք սակայն ձևակեպված են նրա ազգականների կամ ընկերների անուններով: Խոսքը տասնյակից ավելի հանքավայրերի մասին է: Նախարարն առանձնահատուկ սեր ունի հատկապես ոսկու, պղնձի, մոլիբդենի եւ երկաթի հանքավայրերի նկատմամբ:

Անդրադառնալով պատգամավորի անցյալին պետք է նշել, որ նա բազմիցս է հայտնվում սկանդալային պատմությունների կենտրոնում: Այդպիսի մի պատմություն մամուլում սկսեց շրջանառվել դեռևս 2005-ին: Նշվում էր, որ այն ժամանակ դեռևս բնապահպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Վարդան Այվազյանի և ոսկի արդյունահանող «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերության հարաբերությունները խիստ լարված են եղել:

Արդեն 2006-ին հայտնի դարձավ, որ Վարդան Այվազյանը «Գլոբալ Գոլդից» 3 միլիոն դոլար կաշառք է պահանջել: Այվազյանն, իր պաշտոնական դիրքն օգտագործելով, ընկերությանը զրկել էր Հանքավանում գտնվող ոսկու հանքի շահագործման լիցենզիայից, որը պետք է ուժի մեջ լիներ մինչև 2017 թվականը: Դեռեւս 2006-ի հունվարի 19-ին «Գլոբալ Գոլդի» շահերը ներկայացնող մի ամերիկյան իրավաբանական գրասենյակ  նամակ-առաջարկով դիմել էր Ռոբերտ Քոչարյանին, այն ժամանակվա ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին, առեւտրի եւ զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանին, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին և հենց Վարդան Այվազյանին:

Ըստ հրապարակումների` նամակում գրված է եղել. որ «2005-ի հուլիսին նախարար Վ. Այվազյանն ընդունել է Գլոբալ Գոլդի տարածաշրջանի տնօրենին, իբր թե` Գլոբալ Գոլդի լիցենզիայի դիմումների նկատմամբ իր գործելակերպի վերաբերյալ ընկերության բողոքները քննարկելու նպատակով, սակայն, նախարար Այվազյանը պահանջել է 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք ` «լուծելու» համար իր եւ իր նախարարության կողմից առաջացրած խնդիրները»:

«Գլոբալ Գոլդը» 2006-ի դեկտեմբերին ԱՄՆ Նյու Յորքի «Միջազգային առեւտրային պալատի միջազգային արբիտրաժային դատարանում» Վարդան Այվազյանի դեմ վարույթ հարուցեց: Սակայն դրանից տարիներ անց վարույթը չեղյալ համարվեց:

Վրացական հեռուստաընկերություններից մեկը նույնպես հրապարակել էր պատգամավորի հետ կապված մի պատմություն: Ըստ դրա` պատգամավորը 2010թ. ձևական աճուրդով գնելով Տաբածղուրիի լիճը, 3 տարի է, տեղի բնակչության համար լիովին սահմանափակել է այնտեղից ձկան որսը: Սրանով, ըստ մամուլի հրապարակումների, Այվազյանը եկամտի աղբյուրից զրկել է ավելի քան 400 ընտանիքների:

Պատգամավորն աչքի է ընկնում նաև իր շուտ բորբոքվելու ունակությամբ: Օրեր առաջ էլ` Կառավարության ծրագրի քվեարկության ժամանակ նա խորհրդարանում ոչ սթափ վիճակում էր գտնվում` իր մի քանի կուսակից ընկերների հետ: Արդեն Հայաստանի Հանրապետական կուսակցության 15-րդ համագումարի ընթացքում էլ հերքելով այդ հանգամանքը` կատակել էր, թե տեսեք հիմա էլ գլորվում եմ:




Լրահոս