ԲԼԹ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մենք պայմանավորվել ենք, որ բոլորը պետք է աշխատեն հավասար դաշտում, եւ բոլորն ամեն ինչ պետք է անեն, որպեսզի ստվերից դուրս գան»:

Հովիկ Աբրահամյան 168.am

Երրորդ հանրապետության գոյության սկզբից երեւի էլ բարձրաստիճան պաշտոնյա չմնաց, որ այս նույն միտքը պարբերաբար չարտահայտի՝ պարզապես տարբեր ձեւակերպումներով: Բայց այն այդպես էլ իրականության չի վերածվում, ուստի այս ամենը կարելի անվանել ընդամենը դեմագոգիա: Նորանշանակ վարչապետն էլ իր նախորդների նման ասում է ուղղակի ասելու համար: Հետաքրքիր է՝ այդ ինչպես պետք է Հովիկ Աբրահամյանը, ասենք, Ալեքսանդր Սարգսյանի եւ որեւէ սովորական գործարարի միջեւ հավասար դաշտում աշխատելու պայմաններ ստեղծի: Հետաքրքիր կլինի լույսի տակ տեսնել ստվերից դուրս եկած գործարարաների դեմքերը: Տեսնես ովքե՞ր են:

 

«Չպետք է մոռանալ, որ նա (Գալուստ Սահակյանը) հայ պառլամենտական տարեգրության հնաբնակներից է եւ իր քաղաքական գործունեությամբ հսկայական քաղաքական կապիտալ ունի կուտակած հենց խորհրդարանական գործընթացում»:

Տաճատ Վարդապետյան Armlur.am

Չպետք է նաեւ մոռանալ, որ նույն ՀՀԿ-ական պատգամավորը, ով այսօր զբաղվում է Գալուստ Սահակյանի գովքով, դեռ ոչ հեռավոր անցյալում տենչում էր ԱԺ նախագահի պաշտոնում տեսնել ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանին՝ համարելով նրան ամենալավ թեկնածուն: Այսինքն՝ անկախ նրանից, թե երբ, ով կդառնա ԱԺ նախագահ, միեւնույն է, Տաճատ Վարդապետյանի համար այդ մարդը կլինի լավագույնը: Խորհուրդ ենք տալիս հնաբնակների սիրահար պատգամավորին, իր ձոները համարակալի, կարող է մեկ ուրիշին էլ հանկարծ ու պետք եկավ գովել, գոնե տեքստերը տարբեր լինեն:
«Կայուն ընտանիքն է յուրաքանչյուր երկրի զարգացման առաջին օղակը»:

Տարոն Մարգարյան Armlur.am

Անշուշտ, ճիշտ խոսքեր են եւ անվիճելի: Սակայն, եթե դա ասում է Երեւանի ՀՀԿ-ական քաղաքապետը, ապա պետք է հասկանալ, թե ընտանիք ասելով Տ. Մարգարյանը նկատի ունի միայն ծնողներին, կանանց եւ երեխաների՞ն, թե՞ նաեւ աներձագներին: Կոնկրետ Տ. Մարգարյանի կյանքում, ընտանիքը շատ մեծ դեր է խաղացել, այն աստիճան մեծ, որ նա նույնիսկ Հայոց բանակում չծառայելով՝ այսօր զբաղեցնում է Երեւանի քաղաքապետի պաշտոնը, կրծքին կախելով Երկրապահի մեդալը, հայացքն էլ` Վոլոչկովայի կրծքին: Իսկ աներձագին պատգամավոր դարձնելով՝ Տ. Մարգարյանը նպաստում է երկրի զարգացմանը` կայունացնելով ընտանեկան վիճակը:

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ




Լրահոս