ՆՈՐ ՄԱՐԶՊԵՏԸ ԿՓՈԽԻ
Մայիսի 15-ին կառավարությունն ընդունել է Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի հրաժարականը: Տավուշի նոր մարզպետ է նշանակվել Հովիկ Աբովյանը, ով Գուգարքի տարածաշրջանային մաքսատան պետն էր, ՀՀԿ Նոյեմբերյանի տարածքային կազմակերպության ղեկավարը, ԱԺ նախկին պատգամավոր: Նա ծագումով Տավուշի մարզի ամենամեծ ` Կողբ գյուղից է, հայրենի գյուղում էլ բնակվում է: Ի դեպ, Նոյեմբերյանից 5 կմ հեռավորության վրա գտնվող Կողբը հայտնի է նրանով, որ այդ գյուղից շատ են սերվել հայտնի մարդիկ` պաշտոնյաներ, մտավորականներ,անվանի բժիշկներ:
Հովիկ Աբովյանը հունիսի 1-ին կդառնա 50 տարեկան: Այդ օրը Կողբի բարձունքում, Կողբ-Նոյեմբերյան ավտոճանապարհի հարեւանությամբ կկայանա Հովիկ Աբովյանի կառուցած եկեղեցու օծումը, որին հոբելյանը կմասնակցի արդեն մարզպետական կարգավիճակով:
Հիշեցնենք, որ Արմեն Ղուլարյանը Հայաստանի «ամենաերկարակյաց» մարզպետն էր, նա այդ պաշտոնում աշխատեց 15 տարուց ավելի: Տավուշի մարզում տարածված խոսակցությունների համաձայն` նոր մարզպետը Տավուշի մարզպետարանում կադրային լուրջ փոփոխություններ է կատարելու: Արմեն Ղուլարյանը տարիների ընթացքում ստեղծել էր իր թիմը, որը բաղկացած էր նրա` դեռեւս Իջեւանի քաղաքապետ աշխատելու տարիներին հավաքագրված աշխատակիցներից, դասընկերներից, Իջեւանի համախոհներից եւ այլն: Տավուշի մարզպետարանում գրեթե ամբողջությամբ իջեւանցիներ են աշխատում, մարզի Բերդի, Դիլիջանի եւՆոյեմբերյանի տարածաշրջանի բնակիչներ չկան: Բացառություն են կազմում սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների աշխատակիցները, որոնք համարվում են մարզպետարանի աշխատակազմի անդամներ: Տավուշի մարզում տարածված լուրերի համաձայն` նոր մարզպետ Հովիկ Աբովյանը կունենա նաեւ նոր տեղակալ:
Նշենք,որ մայիսի 14-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը որոշում է կայացրել աշխատանքից ազատել Տավուշի մարզպետի տեղակալ Վահե Վարդապետյանին, ով ՕԵԿ Տավուշի մարզային կազմակերպության ղեկավարն է, Իջեւանի ավտոձեռնարկության սեփականատերը: Վահե Վարդապետյանը ՕԵԿ-ի` իշխող կոալիցիայից դուրս գալու պատճառով աշխատանքից ազատվելու դիմում էր գրել դեռ անցյալ ամիս: Վարդապետյանը, հիշեցնենք, նախկին մարզպետ Արմեն Ղուլարյանի խնամին է:
Դժվար է հավատալ, որ Հովիկ Աբովյանի օրոք որպես մարզպետի խորհրդական կշարունակեն աշխատել Բերդի նախկին քաղաքապետ Անդրանիկ Շառյանը եւ իջեւանցի բանաստեղծ Լյուբիկ Չիբուխչյանը: Ի դեպ, Անդրանիկ Շառյանը մարզպետի խորհրդականի պաշտոնը զբաղեցնում էր՝ գտնվելով Բերդ քաղաքում եւ մարզկենտրոն Իջեւան աշխատանքի չներկայանալով: Նա մարզպետարանի շենքում այդպես էլ աշխատասենյակ չունեցավ: Ակնկալվում է, որ կկատարվի նաեւ մարզպետարանի որոշ վարչությունների եւ բաժինների վարիչների փոփոխություն. նրանցից շատերն արդեն 15 տարի պաշտոնավարում են:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ