ԵԹԵ ԿՈՏՐՎԱԾ ԾՆՈՏՍ ԱՊԱՔԻՆՎԵՑ…
Մայիսի 3-ին Մոնտենեգրոն ներկայացնող Նիկոլա Սյեկլոչային հաղթելուց հետո հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն արդեն հայրենիքում է եւ երեկ հանդիպեց լրագրողների հետ։
Նա անդրադարձավ ինչպես վերոնշյալ, այնպես էլ մինչ այդ՝ մարտի 1-ին կայացած Ռոբերտ Շտիգլիցի հետ մենամարտին, որում հաղթեց ու վերադարձրեց չեմպիոնական գոտին։ Արթուրը նախատեսում է օգոստոսին ու դեկտեմբերին անցկացնել մենամարտեր, սակայն դեռեւս չգիտի, թե ովքեր կլինեն մրցակիցները։ «Ես հիմա Հայաստանում հանգստանում եմ եւ չեմ ուզում մտածել մրցակիցների մասին»,- ասաց աշխարհի չեմպիոնը։ Ասուլիսի ընթացքում նաեւ պարզվեց, որ Արթուրը կատալոնական «Բարսելոնա»-ի, ինչպես նաեւ Դորտմունդի «Բորուսիա»-ի երկրպագուն է, որտեղ խաղում է Հենրիխ Մխիթարյանը։ Մինչդեռ նրա մարզիչը երկրպագում է դորտմունդցիների ոխերիմ թշնամի Մյունհենի «Բավարիա»-ին: Իհարկե, դա չի փչացնում բռնցքամարտիկի եւ նրա մարզչի հարաբերությունները։ Ընդհանրապես Արթուրը հետեւում է հայկական սպորտում տեղի ունեցող իրադարձություններին եւ ինչպես նշեց երեկ, եթե հունիսի 6-ին լինի Գերմանիայում, անպայման կդիտի Գերմանիա-Հայաստան ֆուտբոլային ընկերական հանդիպումը։
Աշխարհի չեմպիոնից նաեւ տեղակացանք, որ նա չի մեկնել Դանիայի մայրաքաղաք Կոպենհագեն՝ «Եվրատեսիլ»-ը դիտելու եւ երկրպագելու Արամ MP-3-ին, քանի որ եկել էր Հայաստան՝ մասնակցելու հորեղբոր աղջկա հարսանիքին։ Ինչ վերաբերում է «Եվրատեսիլ»-ում հաղթած Կոնչիտային, ապա նրա մասին Արթուրն ասելիք չունի.
-Ես ընդհանրապես այդ հարցի մասին չեմ ուզում խոսել։
-Իսկ ի՞նչ կասեք Արամ MP-3-ի ելույթի մասին։
-Արամ MP-3-ի կատարումն ինձ համար շատ լավն էր, եւ փոքր Հայաստանի համար չորրորդ հորիզոնականը զբաղեցնելը շատ լավ արդյունք է։ Եվ ես ուրախ եմ թե՛ Արամի, թե՛ Հայաստանի համար։
-Իսկ ինչ կասեք Ձեր անձնական կյանքի մասին, ամուսնության վերաբերյալ, երեւի սպորտը թողնելուց հետո՞ կմտածեք։
-Ինձ թվում է՝ սպորտը թողնելուց հետո։
-Հնարավոր համարո՞ւմ եք, որ Ձեր աջ ձեռքի վնասվածքն այնքան լուրջ լինի, որ ընդհանրապես թողնեք ակտիվ սպորտը։
-Ճիշտ է, վատ վնասվածք է, աջով հարվածելիս ձեռքս շատ է ցավում, բայց այն աստիճանի չէ, որ ակտիվ սպորտը, բռնցքամարտը թողնեմ։ Երեք ամիս ոչինչ չանելու, ձեռքս գիպսի մեջ պահելու դեպքում այն կապաքինվի։ Եթե կոտրված ծնոտս ապաքինվեց, ուրեմն ձեռքս էլ կբուժվի ու կբուժվի։
ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ