ՏՈՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ
Լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան օրը՝ մայիսի 22-ը, Հայաստանում կնշվի տոնական համերգով: Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբն այդ օրը «Արամ Խաչատրյան» համերգասրահում յուրահատուկ երեկո կանցկացնի՝ նվիրված էստրադայի լեգենդի 90-ամյա հոբելյանին: Համերգին կմասնակցեն ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահարուհի Մարինե Աբրահամյանը եւ միջազգային մրցույթների դափնեկիր, երգչուհի Էվա Ոսկանյանը: Կհնչեն ֆրանսիացի եւ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ, նաեւ Էվա Ոսկանյանի հեղինակային երգեր: Հիշեցնենք, որ այս տարի լրանում է Ազնավուրի 90-ամյակը, ինչի առթիվ աշխարհի տարբեր ծայրերում կկազմակերպվեն տոնական միջոցառումներ:
ԵՐԿՈՒ ԱՇԽԱՏԱՆՔ
Ֆրանսիացի հայտնի դերասան Ժերար Դեպարդյեն Կաննի 67-րդ կինոփառատոնում կներկայացնի 2 նոր աշխատանք: Ֆիլմերից մեկը՝ «Բարի գալուստ Նյու Յորք», արդեն մեծ հետաքրքրություն է առաջացրել արեւմտյան մի շարք քաղաքական երկրներում: Ֆիլմում Դեպարդյեն կատարել է գլխավոր դերը: Այն մասամբ հիմնված է Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս-Կանի կենսագրության վրա: Միաժամանակ Դեպարդյեն կներկայացնի «Երազանքի լիգա» ֆիլմը, որտեղ նա կատարել է ՖԻՖԱ-ի հայտնի նախագահ Ժյուլ Ռիմեի դերը:
ՍՏԱՍ ՄԻԽԱՅԼՈՎԸ ՀՈԳՆԵՑՐԵԼ Է
Ստաս Միխայլովի ժողովրդականության ժամանակներն անցել են եւ հիմա արտիստը ստիպված է չեղյալ հայտարարել իր համերգները: Մասնավորապես մայիսի 29-ին Մուրմանսկում նախատեսված երգչի համերգը չի կայանալու, քանի որ շատ քիչ տոմս է վաճառվել: Հնարավոր է՝ «ամեն ինչ քեզ համար» ընդհանուր թեմայով երգերը ձանձրացրել են հանդիսատեսին, իսկ նոր ծրագիրը, որտեղ Ստասը փորձում է մտորել կյանքի եւ ճակատագրի մասին, կանանց համար հետաքրքիր չէ: Այնպես որ, հիմա Միխայլովը ստիպված է մտածել իր երգացանկի մասին, քանի որ առաջին ահազանգն արդեն հնչել է: