ՀԷՑ-Ը ՎԵՐՋԱՊԵՍ ՏՈՒԳԱՆՎԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես նախօրեին տեղեկացրել էր «Ժողովուրդ»-ը, երեկ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն տուգանվեց 20 մլն դրամի չափով: Նշենք, որ ՀԷՑ-ը առաջին անգամ չէր, որ հայտնվում էր ՏՄՊՊՀ-ի տեսադաշտում: Այս անգամ պատճառն այն էր, որ ընկերության կամայական գործողությունների արդյունքում բնակիչները զրկված են էլեկտրամատակարարումից:

Երեւանի Ծիծեռնակաբերդի խճուղի 1/3 շենքի բնակիչները դիմել են ՏՄՊՊՀ-ին եւ հայտնել, որ նշված հասցեում գտնվող նորակառույց շենքի շինարարական աշխատանքները դեռեւս 4 տարի առաջ են ավարտվել, սակայն բնակիչները մինչեւ հիմա չեն կարողանում բնակություն հաստատել շենքում, քանի որ էլեկտրաէներգիա չունեն: Այս հարցով նրանք դիմել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ, որտեղից խնդրի լուծման ուղղությամբ ոչինչ չի արվել:
ՀԷՑ-ը խնդրի վերաբերյալ Հանձնաժողովին պարզաբանումներ էր ներկայացրել ըստ որի՝ իրենք պայմանագիր կարող են կնքել ոչ թե բնակիչների, այլ շենքը կառուցապատողի` «Միլլար» ՍՊԸ-ի հետ: Իսկ ՀԷՑ-ի պարզաբանմամբ՝ «Միլար» ՍՊԸ-ի հետ արդեն իսկ կա կնքված պայմանագիր, սակայն վերջինիս կողմից որոշակի պարտավորությունների չկատարման պատճառով գործն ավարտին չի հասցվել: Բացի այդ, ՀԷՑ-ի գրավոր պարզաբանման մեջ նշված է նաեւ, որ կառուցապատողն իրենց հանդեպ ունի չկատարված ֆինանսական պարտավորություններ:
Ստացված գրավոր բողոքի, կողմերի հետ կազմակերպված քննարկումների եւ լսումների արդյունքում, Հանձնաժողովը որոշեց, որ ՀԷՑ-ի գործողությունները չեն բխում օրենքից: Ինչի արդյունքում էլ Հանձնաժողովը «ՀԷՑ»-ին տուգանեց 20 մլն դրամի չափով: Բացի այս, ՀԷՑ-ը պարտավոր է 7-օրյա ժամկետում բնակիչների հետ կնքել էներգամատակարարման պայմանագրեր:
Ի դեպ, սա առաջին անգամ չէ, որ ՀԷՑ-ը հայտնվում է ՏՄՊՊՀ-ի տեսադաշտում: Նախորդ դեպքերում, ընկերության հանդեպ հարուցվել են վարչական վարույթներ, սակայն տրվել է խիստ նախազգուշացում:
Դեռեւս 2011-ի սեպտեմբերի 5-ին, ՏՄՊՊՀ-ն խիստ նախազգուշացում հայտարարեց «ՀԷՑ»-ին գերիշխող դիրքի չարաշահման համար: Ընկերության կողմից իրեն տրված լիցենզիայով ամրագրված էլեկտրամատակարարման պարտավորությունները չկատարելու հետեւանքով Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական եւ Բագրեւանդ փողոցների միջանկյալ տարածքում գտնվող մոտ 20 նորակառույց բնակելի տների բնակիչները կրել էին կենցաղային անհարմարություններ եւ ֆինանսական կորուստներ: 2012-ի հոկտեմբերին, ՏՄՊՊՀ-ն ներկայացրեց քաղաքացու բողոքը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության դեմ, ըստ որի՝ «ՀԷՑ»-ն անհիմն զրկել է սպառողին ընկերության ծառայություններից` էլեկտրաէներգիա մատակարարելուց: Իսկ ահա նախորդ տարի նոյեմբեր ամսին զանգվածային հոսանքազրկում տեղի ունեցավ ամբողջ հանրապետությունում: Սակայն սրա արդյունքում ոչ ոք եւ ոչ մի կառույց չպատժվեց: Իսկ տեղի ունեցածից որոշ ժամանկ անց հայտարարվեց, թե Հայաստանում զանգվածային հոսանքազրկման պատճառը մեկուսացումն էր Իրանի էներգահամակարգից:
«Ժողովուրդ»-ը ՀԷՑ-ի մամլո խոսնակ Նատալիա Սարջանյանից հետաքրքրվեց, թե ընկերությունն արդյոք բողոքարկելո՞ւ է Հանձնաժողովի որոշումը, որին ի պատասխան Սարջանյանն ասաց. «Քանի դեռ որոշումը չենք ստացել, այդ պատճառով էլ այս պահին չենք կարող հստակ պատասխան տալ»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս