ՄԻՋԱԴԵՊ` ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱԿՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամեն հինգշաբթի կառավարության շենքի դիմաց հավաքվում են մի խումբ մարդիկ, որոնք տարբեր պատճառներով խաբված են` բնակարան չունեն, իրենց պատկանող հողատարածքը տվել են ուրիշին, ուզում են վերականգնել Սահմանադրությամբ խախտված իրենց իրավունքները եւ այլն: Նրանց նպատակը մեկն է` բարձրաստիճան պաշտոնյաներից իրենց հուզող հարցերի պատասխանները ստանալ եւ վերականգնել արդարությունը:
Եթե արդեն ավանդույթ դարձած բողոք-ակցիայի մասնակիցները յուրաքանչյուր անգամ կարող են փոխվել, ապա բանակում խաղաղ պայմաններում սպանված զինվորների հարազատները ամեն հինգշաբթի այստեղ են: Նրանց են միանում «Բանակն իրականում» խմբի նախաձեռնողները` Լալա Ասլիկյանը, Վարդգես Գասպարին եւ այլոք: Նրանց ձեռքներին միշտ կան ցուցանակներ, պաստառներ, որոնց վրա գրված է «Փրկենք մեր զինվորներին», իսկ Գասպարիի ձեռքին` նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի եւ այլ ոստիկանների նկարներով պաստառ, որոնց անվան դիմաց գրված է «Ստորության էտալոն» արտահայտությունը: Գասպարին հավաքված մյուս ցուցարարներին միշտ կոչ է անում չվախենալ եւ չընկճվել ոստիկաններից ու պաշտոնյաներից: Նախորդ հինգշաբթի նա մի քանի անգամ մոտեցավ ցուցարարներից մեկին եւ խնդրեց ավելի պարզ պահել ձեռքին եղած պաստառը, որպեսզի բողոքի նպատակն ակնհայտ երեւա:
 Երեկ` ցույցի ժամանակ, նրանց է մոտեցել մի երիտասարդ, ով պահանջել է բացատրություն տալ այն բանի համար, թե ինչու է ցուցարարների ձեռքին ոստիկաններին վիրավորող պաստառ: Այն պահին, երբ Լալա Ասլիկյանը փորձել է հեռախոսով նկարել երիտասարդին, վերջինս ուժով ցանկացել է խլել հեռախոսը: Գասպարին ոստիկաններից պահանջել է ուշադրություն դարձնել օրենքը խախտող երիտասարդին, իսկ ոստիկաններն էլ,   որքան էլ  տարօրինակ է,  ականջալուր լինելով ցուցարար եւ ՀԱԿ ակտիվիստ Գասպարիի խոսքին, երիտասարդին բերման են ենթարկել ոստիկանություն: Ավելի ուշ aravot.am կայքում տեղադրվեց լուր, որի համաձայն` Գասպարիին բերման են ենթարկել ոստիկանություն, որպեսզի նա բացատրություն տա, թե ինչու է իր ձեռքի պաստառի վրա ոստիկանին վիրավորող արտահայտություն գրված: Սակայն «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Վարդգես Գասպարին հերքեց այս լուրը եւ ասաց, որ իր կողմից ոստիկանների հետ ոչ մի վեճ չի եղել: Իսկ թե ով էր այդ երիտասարդը եւ ինչու էր այդքան անհանգստացած ոստիկաններին վիրավորող պաստառների  համար, պարզ չէ:

ՄԱՐԻԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս