ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ամանորից հետո ՀՀ բնապահպանության նախարարությունն ուսումնասիրե՞լ է, թե քանի եղեւնի է ապօրինի հատվել Հայաստանի տարածքում: Խնդրում եմ ներկայացնել նախորդ տարվա հետ համեմատական թվեր:

Գայանե Բաբլումյան, 31 տարեկան, բնապահպան


ՊԱՏԱՍԽԱՆ.  Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից անտառտնտեսություններում ստուգումներ իրականացնելուց հետո Ձեզ կտրամադրվի փշատերեւ ծառերի հատումների թվի եւ 2010-2011 թվականների համեմատականի վերաբերյալ տեղեկատվություն:
Նախատոնական օրերին բնապահպանական պետական տեսչության կողմից Երեւան քաղաքի եղեւնիների վաճառքի կետերում իրականացված շրջայցերի արդյունքում պարզվել է, որ առկա եղեւնիները ներկրված են եղել արտերկրից: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ շրջայցերի ընթացքում արձանագրվել է ապօրինի հատված յոթ փշատերեւ ծառ, որոնց համար կազմվել է համապատասխան արձանագրություն եւ տրվել ընթացք:
Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կատարած աշխատանքների մասին կարող եք տեղեկանալ ՀՀ բնապահպանության նախարարության ինտերնետային կայքում` https://mnp.gov.am:

ՀՀ բնապահպանության նախարարության
աշխատակազմի ղեկավար Էդգար Փիրումյան


«ԺՈՂՈՎՈՒՐԴ».  Եղեւնիների սպանդից թեեւ արդեն ավելի քան 1 ամիս է անցել, սակայն նախարարությունն ակնհայտորեն չի շտապում հատված ծառերի վերաբերյալ վիճակագրական տվյալներ ներկայացնել: Ուշագրավ է, որ չնայած  տեղում կատարվածի վերաբերյալ թվերը բացակայում են, սակայն հերթական առիթն օգտագործելով` նախարարության ներկայացուցիչը պնդում է, թե Ամանորից առաջ արտերկրից նույնպես մեծ քանակությամբ փշատերեւ ծառեր են ներկրվել: Ու քանի որ նշված տվյալները բացակայում են, մնում է սպասել բնապահպանության նախարարության հրապարակմանը` պատկերացնելու համար, թե ինչ է տեղի ունեցել  այս Ամանորից առաջ, եւ հուսալ, որ ներկայացվելիք տվյալներն իրականությունը կարտահայտեն:




Լրահոս