ՍՊԱՌՆԱՑՈՂ ԵՐԱՇԽԱՎՈՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աստանայում Նազարբաեւի շուրթերով հնչած հայտնի նախապայմանից, ապա դրան հետեւած Սերժ Սարգսյանի տարակուսելի արձագանքից հետո հանրությունը հերթական անգամ համոզվեց, որ ՀՀ իշխանությունների «լեզվի տակ ոսկոր չկա»: Այլեւս ակնհայտ է, որ «Հավատանք, որ փոխվենք» կարգախոսի ներքո հանդես եկող Հանրապետական կուսակցությանը հավատալու դեպքում` այն այնքան արագ է փոխվում, որ երեկվա «անհերքելի» ճշմարտությունները (ինչպիսին ՀՀԿ-ի համար ԼՂՀ եւ ՀՀ միասնականությունն էր) վաղը դառնում են նույնքան «անհերքելի» անհեթեթություններ:
Աստանայից հետո նաեւ ակնհայտ դարձավ այն, որ ՀՀ իշխանական վերնախավը ամիսներ շարունակ լկտիաբար ստել է ողջ ժողովրդին` տիրաժավորելով այն տեսակետը, թե ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու դեպքում Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ մաքսակետեր պիտի դրվեին, քանզի այդպիսին էր համաձայնագրում արձանագրված Եվրամիության պահանջը: Եվ այսօր արդեն պարզ է, թե ինչու, չնայած քաղաքական ուժերի եւ հանրության պահանջին, այդ համաձայնագրի տեքստն այդպես էլ չհրապարակվեց: Սերժ Սարգսյանի իշխանությունը պարզապես «մանր ժուլիկություն» արեց` նախ փորձելով ռուսներին համոզել, որ ԵՄ-ն պատրաստ է աչք փակել նաեւ Ղարաբաղի ընդգրկման վրա եւ այդպիսով բարձրացնել սեփական գինը:
Սակայն երբ սեպտեմբերի 3-ին նրան Կրեմլում ասվեց` «ուզում ես` ուզի, չես ուզում` մի ուզի», Ս. Սարգսյանն արդեն սկսեց օգտագործել Ասոցացման համաձայնագրի չհրապարակումը հակառակ կողմից` ՀՀԿ-ականների շուրթերով հայտարարություններ հնչեցնելով, որ ԵՄ հետ համաձայնագրով Ղարաբաղի հետ կապված պահանջներ էին առաջադրվել, ինչը Մաքսային միության դեպքում չի լինելու:
Բայց, ինչպես հայտնի է, ստի ոտքը կարճ է, եւ Աստանայից հետո բացահայտվեց, որ այս իշխանությունն անգամ ստախոսության մեջ է ձախողակ ու ապաշնորհ: Այսօր արդեն իսկ ակնհայտ է, որ Հայաստանին բերման ենթարկելով ՄՄ եւ կտրելով ԵՄ-ից` Պուտինն իր առջեւ խնդիր է դրել Ղարաբաղով գայթակղել Ադրբեջանին, որպեսզի վերջինս եւս ներգրավվի Եվրասիական միասնական տնտեսական տարածքում: Պարզ ասած` Ղարաբաղը Պուտինի համար այն խայծն է, որով նա միանգամից երկու նապաստակ է խփում` ի դեմս Հայաստանի եւ Ադրբեջանի:
Եվ այս իրավիճակում ասել, թե Ռուսաստանը հանդիսանում է ՀՀ անվտանգությունն ապահովող թիվ մեկ դաշնակիցը, մեղմ ասած` իրականությունից հեռու է: Իր անհաշվենկատ քաղաքականության արդյունքում Սերժ Սարգսյանը հայ-ռուսական հարաբերությունները հասցրել է մի վիճակի, երբ Ռուսաստանը Հայաստանի անվտանգության երաշխավորից վերածվել է Հայաստանի անվտանգության սպառնալիքի:




Լրահոս