«Ֆորմուլա 1»-ի աշխարհի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերը, ով 2013 թվականի դեկտեմբերին լուրջ վնասվածք ստանալուց և մոտ 6 ամիս կոմայի մեջ գտնվելուց հետո օրերս արթնացել էր մահաքնից, ամբողջ կյանքում հաշմանդամ կմնա. գրում է 20minuten շվեցարական պարբերականը՝ հղում անելով Ցյուրիխի հիվանդանոցներից մեկի նեյրովիրաբույժ Էրիխ Ռիդերին:
«Շումախերը ողջ կյանքում հաշմանդամ կմնա և ստիպված կլինի ապրել ուրիշների օգնությամբ: Կուզեի սխալված լինել, բայց նա գործնականում շանսեր չունի, այդպիսի վնասվածքներն անհետք անցնել չեն կարող: Շումին կես տարի պառկել է հիվանդանոցում, նրա մկանները լրջորեն վնասված են:
Գիտեմ՝ ինչ եմ ասում, քանի որ տեսել եմ այդ ամենի միջով անցած այլ հիվանդների»,-բժշկի խոսքերն է մեջբերել պարբերականը:
Հիշեցնենք, որ Միխայել Շումախերը կոմայի մեջ էր ընկել 2013թ. վերջին՝ ֆրանսիական Ալպերում դժբախտ պատահարից հետո, երբ վայր էր ընկել դահուկներով սահելիս: Դրանից հետո նա գիտակցության չէր եկել և մի քանի անգամ ենթարկվել էր վիրահատության: