ԻՆՔՆԱԳՈՎԱԶԴԸ ՏՂԱՄԱՐԴՈՒՆ ՎԱՅԵԼ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տարբեր թեկնածուների մասին նախընտրական ասեկոսեները շարունակվում են: Միեւնույն ընտրատեղամասում առաջադրվում են միմյանց շատ մոտ ընկերներ, կամ հակառակը` վաղեմի թշնամությունն ընտրությունների միջոցով էլ ավելի է սրվում: «Ժողովուրդ»-ն այսօր զրուցեց Զոհրաբ Զոհրաբյանի հետ, ում նախորդ ընտրություններին սատարել էր ՀՀԿ-ն, իսկ այժմ, ըստ  մեր ունեցած տեղեկությունների, նա  առաջադրվելու է որպես անկախ պատգամավոր:
-Պարո՛ն Զոհրաբյան, ի վերջո, որոշե՞լ եք` առաջադրվելու եք, թե ոչ:
-Պաշտոնական առաջադրման ժամանակ կհայտարարեմ:
-Այդուհանդերձ, Ձեր մրցակիցը նույն ընտրատեղամասում Արտակ Սարգսյանն է, ով ակտիվ աշխատում է` բարեգործություններ, նվիրատվություններ, Դուք ինչ- որ բան անելո՞ւ եք:
-Ես տեղեկություն չունեմ, թե նա ինչ է անում: Բայց ես ի՞նչ բարեգործություն պետք է անեմ, ընտրակաշա՞ռք նկատի ունեք: Ես 18 տարեկանից բարեգործություններ արել եմ, բայց երբեք չեմ հրապարակել: Բարեգործություն անում են ոչ թե ընտրություններից առաջ, այլ հնարավորության դեպքում` միշտ: Եւ ես միշտ հայտարարել եմ, որ տղամարդը չպետք է ինքն իրեն գովազդի, դա տղամարդուն վայել չէ, հիմա մանավանդ ժողովուրդը ծանր սոցիալական վիճակում է գտնվում, եւ ցանկացած բարեգործություն վատ կընկալվի: Ես նախորդ ընտրություններին էլ ընդհանրապես ընտրակաշառք չեմ բաժանել:
-Նախորդ ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ն Ձեզ սատարում էր, ի՞նչ պատահեց հետո, երե՞ս թեքեց Ձեզանից:
-Ես Հանրապետական կուսակցությունից դուրս չեմ եկել, այժմ էլ խմբակցության անդամ եմ, ինձնից ոչ ոք երես չի թեքել:
-Այսինքն, եթե առաջադրվեք, ՀՀԿ-ն Ձեզ կսատարի՞:
-Պաշտոնական առաջադրման ժամանակ այդ ամենը կհայտարարեմ:
-Դուք տեղյա՞կ եք` որտեղ է Ձեզ պատգամավոր դարձնելու գործընթացի աջակից Լեւոն Սարգսյանը (Ալրաղացի Լյով):
-Հայաստանի Հանրապետությունում, եթե ուզենաք, շատ հեշտությամբ կարող եք գտնել ու հարցազրույց վերցնել:
-Ասում են` վիճաբանել եք:
-Բացարձակ սուտ է:
-Նույն` թիվ 4 ընտրատարածքում պատրաստվում է առաջադրվել նաեւ Ձեր նախկին ընկերներից մեկը` Հովհաննես Շահինյանը, ինչպիսի՞ մրցակցություն եք տեսնում:
-Առողջ մրցակցություն, բայց հաստատ գիտե՞ք, առաջադրվելո՞ւ է, ես տեղյակ չեմ, եթե առաջադրվելու է, թող առաջադրվի: ՀՀ օրենսդրությամբ` յուրաքանչյուր 25 տարին լրացած անձնավորություն ունի դրա իրավունքը:
-Տեղեկություն կա, որ նրա հետ եւս լավ փոխհարաբերությունների մեջ չեք:
-Սխալ տեղեկություն է, ասեկոսեներին պետք չէ հավատալ:
-Շարունակո՞ւմ եք կանանցով հետաքրքրվել, Վալերի Գործունյանը նախկինում մամուլում հայտարարել էր, որ Դուք Ալֆոնս եք եւ աղջիկների միջոցով եք գումար աշխատում:
-Դուք արդեն մի քիչ ուրիշ հարցեր եք տալիս` քաղաքականության հետ կապ չունեցող: Թե նա ինչու է նման բան ասել, կարող եք իրենից հարցնել, նա բազմիցս բոլոր լրատվամիջոցներին հայտարարել է, ես չեմ մեկնաբանի: Բայց ասեմ, որ ես եմ բազմիցս բոլորին օգնել, ես երբեք ոչ մեկից փող չէի վերցնի, մանավանդ կնոջից:
-Բայց ասում են` շատ պարտքեր ունեք, հասցրե՞լ եք մարել:
-Բացարձակ սուտ է, այդ ո՞վ է նման բան ասել, ես ոչ մի պարտք չունեմ:
-Առաջադրվելու դեպքում որքա՞ն գումար եք նախատեսել ծախսել քարոզարշավի վրա:  
-Ինչքան օրենքով թույլատրվում է:
-Հաշվի առնելով համատարած ընտրակաշառքի բաժանման իրողությունը` ի՞նչ եք կարծում, ո՞ր քաղաքական ուժը կհաղթի առաջիկա ընտրություններում:
-Ես վստահ եմ, որ կհաղթի Հանրապետական կուսակցությունը:

ՄԱՐԻԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆ
լուսանկարը՝ ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻ




Լրահոս