ԽԱԲՎԱԾ, ԲԱՅՑ ՈՉ ՀՈՒՍԱՀԱՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եթե պաշտոնյաները, կառավարության շենքի դիմաց ամեն հինգշաբթի հավաքվող բողոքավորներից խուսափելով, հետնամուտքից են շենք մտնում, ապա սարսափելի ցրտի պայմաններում կանգնած մարդիկ դեռ չեն հուսահատվում:
Ակցիայի մասնակիցների կազմը նույնն է` բանակում սպանված զինվորների հարազատները, խաբված եւ անտուն շենքերի բնակիչները, հաշմանդամ օդաչուները եւ մի խումբ մարդիկ, որոնք տարբեր պատճառներով խաբված են այս կամ այն օլիգարխից:
Նախ նշենք, որ բողոքի ակցիայի ոչ բոլոր մասնակիցներն են պայքարում հանուն արդարության: Երեկ նույնիսկ միջադեպ տեղի ունեցավ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի եւ ակցիայի մասնակիցներից մեկի միջեւ: Վերջինս, չգիտես ինչու, դժգոհություն հայտնեց լրագրողի կատարած աշխատանքից, իսկ Շամշյանն էլ վստահեցրեց, որ անձամբ լուսանկարել է այդ մարդուն նախարարներից մեկի ձեռքից փող վերցնելիս եւ հավելեց, որ ինքը չի լուսանկարում ծախված ու խարդախ մասնակիցներին, նրա նպատակը կառավարության շենքի դիմաց իրենց իրավունքների վերականգնման համար  իրապես պայքարողներին  նկարելն է:
Վերադառնալով ակցիայի մասնակիցներին` ներկայացնենք նրանցից մեկի` Ասլանյան Ջուլիետայի բողոքի պատճառը: Նա պնդում է, որ իր 23 տարվա մշակած հողատարածքն այսօր ձեռքից խլել են ավելի ազդեցիկ եւ գումար ունեցող մարդիկ: «Ծարավ աղբյուրին հարող տարածքում 23 տարի շարունակ մշակել եմ  հողատարածք, ունեմ գեղեցիկ այգիներ եւ տնակ, որտեղ ապրում եմ: Երբ 2004թ. դիմեցի, որ հողատարածքը սեփականաշնորհեմ, ինձ տեղեկացրին, որ աճուրդ դեռեւս չկա, սակայն որոշ ժամանակ անց իմացա, որ տարածքը սեփականաշնորհել է Ռուբեն Հայրապետյանը: Ես դիմեցի դատարան, բայց ապարդյուն: Ուզում եմ տարածքը գնեմ կադաստրի գնով, բայց սեփականատիրոջ ուղարկած մարդիկ ինձ ասացին, որ  այն կարող եմ գնել 1քմ-ն 100 դոլարին համարժեք դրամով, իսկ ես այդքան գումար չունեմ: Դիմել եմ դատարան եւ քաղաքապետ Տարոն Մարգարյանին, անընդհատ հետաձգում եմ դատը, որովհետեւ վերջինս խոստացել է օգնել: Հուսահատված ամեն հինգշաբթի գալիս եմ այստեղ, որովհետեւ քաղաքապետը ընդունելություն չունի, ամեն անգամ ասում է` մի բան կանենք, բայց այդպես էլ ոչինչ չի անում: Չեմ հուսահատվում, հույսով ամեն անգամ գալիս եմ` չնայած առողջական վատ վիճակիս»-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատմեց տիկին Ջուլիետան:

ՄԱՐԻԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս