«ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՍ ՉԵՄ ԹԱՔՑՐԵԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում խոսեց Հայաստանի սոցիալ-տնտեսական վատ պայմանների, մշակույթի գործիչների կարգավիճակի, սերիալների եւ իր քաղաքական հայացքների մասին:
-Ինչպե՞ս կգնահատեք այսօրվա մեր սոցիալ-տնտեսական վիճակը: Ինքներդ էլ պետական թատրոնի դերասան եք, Ձեր աշխատավարձով կարո՞ղ եք բարեկեցիկ ապրել:
-Միանգամից կասեմ` ո՛չ: Բյուջետային հիմնարկից աշխատավարձ ստացողները` բժիշկները, մանկավարժները, դերասանները, միայն դրանով ապրել չեն կարող, եւ  դրա մասին գիտեն բոլորը: Այլ հարց է, որ մարդն աշխատում է մի 3-4 տեղ, որ հասցնի: Կիսվում է մեջտեղից, մի տեղից մյուսն է գնում, որ կարողանա ապրել, լուծել սննդի հարցերն ու կոմունալ վճարներ կատարել, իսկ հանգստի մասին անգամ չեմ խոսում, դա արդեն ճոխություն է:
-Այսպես որ շարունակվի, ի՞նչ կլինի վերջում:
-Ուզում էի ասել, լավ կլինի, չնայած հենց այդ հույսով էլ ապրում եմ, հակառակ դեպքում վաղուց արդեն գնացած կլինեի այս երկրից: Համոզվածություն կա, որ մի բան կփոխվի, բայց արդեն շատ է ձգվում, էդպես չի կարելի, մի ելք պետք է գտնել: Արդեն ազնիվ ճանապարհներով, իր քրտինքով հանապազօրյա հաց վաստակող մարդկանց, կարող է պատահի, ճրագով ման գանք, չգտնենք: Մեղադրել էլ չի կարելի մարդկանց, երբ նրանք ստիպված օրենք են խախտում, կրիմինալ գործարքի մեջ են մտնում: Այսպիսի իրավիճակ ստեղծելով` մենք մարդկանց դրդում ենք տարբեր վատ արարքների: Մութ եւ ցուրտ տարիներին ասում էին` ինչու այդքան ծառ վառեցինք, անտառ կտրեցինք, բայց մարդիկ դա ստիպված էին անում: Եթե երեխան տանը սառչում է, էդ մարդը կնայի՞ ծառ է կտրում, թե ինչ: Կգնա ու կկտրի: Պայմաններն են ստիպում մարդկանց անօրինական գործարքների գնալ, էլ չեմ ասում հանցագործությունների մասին:
-Ելքը ո՞րն է:
-Մի բառով չէ, մի հոգի չէ, մի տեղից չէ, դա մի ամբողջ համակարգ է: Բնական է, նախագահին են մեղադրում, բայց նա չէ շատ հարցերում մեղավոր, օղակներ են, որ պետք է իրենց գործն անեն, իսկ եթե այդ մարդիկ չեն անում, պիտի պատժվեն, հեռանան:
-Մի ընտանիքում 2 վաստակավոր արտիստ եք, բայց շքեղ պայմաններում չեք ապրում: Վիրավորական չէ՞ այդ փաստը:
-Սկսեմ իմ հորից (ՍՍՀՄ ժողովրդական արտիստ Հրաչյա Ներսիսյան-Ե. Ռ.). եթե մի այլ երկրում լիներ իր ստատուսի արտիստ, իր զավակները կարող էին հիմա պառկել հանգիստ ու առանց աշխատելու տարիներով ապրել արդեն իր թողած ժառանգությամբ: Մեր արտիստների կարգավիճակը երբեք չես համեմատի դրսի դերասանների հետ: Մենք, կարծես, արդեն սովորել ենք այդ ամենին: Կարող եմ ասել իմ կոլեգաների, ընկերների անունից, որ մենք նվիրյալներ ենք ու տարիներ շարունակ պահել ենք թատրոնը: Լիովին հասկանալով, որ մենք նորանկախ պետություն ենք, դեռ դժվարություններ ունենք, կայացման շրջանում ենք… բայց այդ ամեն ինչին չափ պետք է լինի: Սակայն այսօր կան մարդիկ, որոնք առանց օֆ անելու ապրում են: Էլ չեմ ասում, մարդիկ կան, որ ուղղակիորեն թալանում են երկիրը: Երբ այս բաները տեսնում ես, արդեն արդար չէ:
-Շատ դերասանների համար, ինչու չէ, նաեւ Ձեզ համար, եկամտի միջոց են սերիալները:
-Բայց չէ՞ որ դա նույնպես արտիստի դաշտն է, իսկ ո՞վ խաղա սերիալում, եթե ոչ դերասանը: Մենք գավառ ենք հիշեցնում, նստած քննարկում են սերիալը: Ասում են` որն է լավը` կինո՞ն, թե՞ սերիալը, դա նույնն է, որ ասես` որն է լավը` պաղպաղա՞կը, թե՞ խորովածը: Լավ, իսկ ո՞ւր է ձեր կինոն: Բոլորս երազում ենք, որ այսօր լինի իսկական կինո, մենք էլ նկարվենք: Պարապ մարդիկ նստած լուրջ քննարկումներ են անում սերիալների մասին, մինչդեռ ամբողջ աշխարհն այդ թեման վաղուց փակել է: Իսկ Նոր տարվա շեմին էլ բդի հարցն են քննարկում: Բուդ դնե՞ն սեղանին, թե՞ չդնեն: Չեմ հասկանում, այս ազգի պրոբլեմը բուդն է ու սերիա՞լը: Ասենք` բուդն էլ չկա, սերիալն էլ փակեցին, ամեն ինչը նորմա՞լ է, լուծվա՞ծ է: Ամերիկացիներն էլ  հնդուհավ են դնում սեղանին: Դա չէ պրոբլեմը: Ավելի լավ է խոսենք էն մասին, որ Նոր տարուց առաջ բոլոր երկրներում գներն իջնում են, մեզ մոտ` բարձրանում: Խոսենք իրական  խնդիրների մասին: Միայն ուտելիքի հարցում չենք ցուցադրական, այլ` ինչ ենք քշում, հագնում, անում, ուր ենք գնում` հանգստանալու: Լուրջ հարցերը թողած` ընկել ենք անհասկանալի բաների հետեւից:
-Ի դեպ, քաղաքականությամբ հետաքրքրվո՞ւմ եք:
-Այնքանով, որ ինձ հուզում է իմ ընտանիքի վաղվա օրը, իմ ազգի, երկրի ճակատագիրը: Անհնար է, որ ես նորությունները չնայեմ ու չտեսնեմ, թե ինչ է կատարվում: Չեմ կարող քաղաքականության մասին կարծիք հայտնել: Ես այդ ամենին նայում եմ առաջին հերթին քաղաքացիական դիրքորոշմամբ:
 -Ընդունված կարգ է, որ ընտրություններից առաջ քաղաքական ուժերը շատ արվեստագետների ներգրավում են իրենց քարոզարշավներում: Երբեւէ եղե՞լ եք որեւէ մեկի կողքին:
-Ո՛չ, էդպիսի առիթ չի եղել, իրենց կողմից առաջարկություն չի եղել, չնայած գիտեմ, որ ինչ-որ երգիչների պարագայում եղել է: Ասեմ նաեւ, որ երբեք չեմ թաքցրել իմ քաղաքական դիրքորոշումը, տեսակետը:
շարունակելի

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս