ԻՆՔՆԱՀՐԱԺԱՐԱԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն պահին, երբ հայտնի դարձավ, որ «Եվրատեսիլ 2011» երգի մրցույթում հաղթել է Ադրբեջանը,  բոլորս մտածեցինք, որ  Հայաստանը չի մասնակցի հաջորդ տարի Բաքվում կայանալիք մրցույթին: Սակայն տարեվերջին Հ1-ն անսպասելիորեն դիմեց ԵՀՄ-ին` մասնակցության համար:  Դրանից հետո արդեն սկսվեցին մասնակիցների անունների քննարկումները` «Դորիանս», Արամե,  Թաթա, Լուսիա Մուն: «Դորիանս»-ը հասցրեց անգամ  ներկայացնել «Եվրատեսիլ»-ի համար գրված երգի տեսահոլովակը: Սակայն երկու օր առաջ հայտնի դարձավ, որ  մի քանի հայ երգիչներ հանդես են եկել Բաքվում կայանալիք  մրցույթը բոյկոտելու  հայտարարությամբ:  Անկեղծ ասած, պատմա-քաղաքական համառոտ ակնարկ հիշեցնող այդ հայտարարությունը մի շարք հարցեր է առաջացնում, որոնց պատասխանները հօգուտ  հեղինակների չեն:  Նախ` հայտարարությունում նշված բոլոր փաստարկները` հայկական ջարդերը, հայատյացությունը եւ շփման գծում հայ զինվորների  սպանությունը (ի դեպ, հակառակ կողմից նույնպես զոհեր են լինում) նորություն չէին, եւ մեր երգիչներն այդ մասին շատ լավ տեղյակ էին: Եւ թող ներվի ասել, սակայն տպավորություն կա, որ փետրվարի 23-ին շփման գծում հայ զինվորի մահն ուղղակի պատրվակ էր` այդ հայտարարությունն անելու համար: Բացի այդ, մեր մշակույթի գործիչներն ամեն առիթով ասում են, որ մշակույթը սահմաններ չի ճանաչում, եւ պետք չէ այն քաղաքականացնել, սակայն ինչպես տեսնում ենք, այս դեպքում դա արվում է մեր երգիչների կողմից: Եւ անկասկած, դա դրական չի ընկալվելու  դրսի կողմից: Բերված միակ` քիչ, թե շատ ընդունելի փաստարկն անվտանգության ապահովման հարյուրտոկոսանոց երաշխիքների  անհնարինությունն է: Սակայն դա էլ ի սկզբանե հայտնի խնդիր էր: Այնպես որ, նման հայտարարությունից շահում է միայն ադրբեջանական կողմը, որը կարող է հանգիստ ասել, թե պատրաստ էր ապահովել բոլոր պայմանները, սակայն հանդուրժողականությունից խոսող հայերն իրենք անհանդուրժողականություն դրսեւորեցին կամ էլ վախեցան խայտառակ լինել` հերթական անգամ ազերիներից թույլ ելույթ ունենալով: Սակայն այս ամենից բացի, կա մեկ այլ նրբություն, որի մասին հայտարարության հեղինակները (որոնք, վստահաբար, երգարվեստի դաշտում չեն), չգիտես ինչու, չեն մտածել. հայտարարության մեջ մի քանի անգամ մեր երգիչներն  օգտագործում են «մենք հրաժարվում ենք ելույթ ունենալ» արտահայտությունը: Խնդիրն այն է, սակայն, որ հայտարարությունը ստորագրած երգիչներից  ոչ մեկի մասնակցության մասին խոսք անգամ չի եղել այս ողջ ընթացքում: Եւ ստացվում է, որ, օրինակ, Արթուր Գրիգորյանը կամ Նադեժդա Սարգսյանը հրաժարվում են մի հնարավորությունից, որը նրանք, ըստ էության, չունեին: Մինչդեռ պոտենցիալ մասնակիցների ստորագրությունները հայտարարության տակ բացակայում են: Սա, մեղմ ասած, զավեշտալի է: Թեեւ, հաշվի առնելով եվրատեսիլյան նախորդ տարիների կրքերը, չի բացառվում, որ այս հայտարարությունն ընդամենը «չուզողության» կոլեկտիվ դրսեւորում է` մասնակցության ցանկություն ունեցող երգիչների հանդեպ:




Լրահոս