Տավուշում նոր գործարան կբացվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը ընդունել է ՕՔՍՖԱՄ միջազգային բարեգործական կազմակերպության Հայաստանի գրասենյակի ղեկավար Մարգարիտա Հակոբյանին:

Ի թիվս այլ հարցերի, քննարկվել է Այրումում պահածոների նոր գործարանի կահավորման եւ գազատարի անցկացման աշխատանքների ընթացքը: Նախատեսվում է Այրումի պահածոների նոր գործարանը գործարկել այս տարվա սեպտեմբերին: Այրումի քաղաքապետ Գիգոլ Եգանյանից տեղեկացանք, որ գործարանի ստեղծմանը ֆինանսապես եւ նյութատեխնիկական աջակցություն են ցուցաբերում ՕՔՍՖԱՄ-ը եւ ֆրանսիական մի կազմակերպություն: Պահածոների նոր գործարանը ընդունելու է Դեբեդի հովտում աճեցված դեղձը, այլ մրգեր, նաեւ` տարբեր հատապտուղներ:

Քաղաքապետ Գ. Եգանյանի խոսքով՝ նոր գործարանում կաշխատի 30-45 հոգի: Այն պատկանելու է գյուղատնտեսական կոոպերատիվին, որի անդամներն այրումցի հողագործներն են: Կոոպերատիվի նախագահն է Այրումի նախկին քաղաքապետ Ռուսլան Անտոնյանը: Չնայած որ Այրումը քաղաքի կարգավիճակ ունի, սակայն այն ունի ընդամենը 2400 բնակիչ:

Փոքրիկ քաղաքում պահածոների երկրորդ գործարանի կառուցումը ցույց է տալիս, որ խորհրդային տարիներին արդյունաբերական հսկա հանդիսացած, ապա մասնավորեցված Այրումի պահածոների գործարանի հետ հույսեր չեն կապում: Անցյալ, նախանցյալ տարի այս գործարանը քիչ քանակությամբ է դեղձ ընդունել, այն էլ` ցածր գնով, երբեմն նաեւ ուշացնելով ընդունված բերքի դիմաց վճարումները:

2008թվականից Այրումի պահածոների գործարանի սեփականատերը «Արտֆուդ» ընկերությունն է: Այդ ընկերության հիմնական սեփականատերերից է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետանը: Երբ 2008թ. Սերժ Սարգսյանի ներկայությամբ Այրումի պահածոների գործարանում գործարկվեց խյուսի հոսքագիծը, Կարապետյանը Սերժ Սարգսյանին հավաստիացնում էր, որ տեղի բերքն ամբողջությամբ կմթերվի եւ կվերամշակվի:

Սակայն 2013թ. այդ հոսքագծի սարքավորումները հանվեցին եւ տեղափոխվեցին Արտաշատ: Հիշեցնենք, որ երբ 2012թ. ապրիլի 21-ին, խորհրդարանական ընտրություններից առաջ նախընտրական այցով Այրումում էր Սերժ Սարգսյանը, տեղի բնակիչները երկրի նախագահին խնդրում էին միջոցներ ձեռնարկել Այրումի պահածոների գործարանը աշխատեցնելու, այդկերպ այրումցիների զբաղվածության խնդիրն ինչ-որ չափով լուծելու համար: Այրումի պահածոների գործարանը, փաստորեն, չլուծեց այդ խնդիրը: Հուսանք, որ պահածոների նոր գործարանն ավելի արդյունավետ կգործի:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս