ԱՌԱՆՑ ԲԱՐԴՈՒՅԹՆԵՐԻ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր մարտի  մեկն  է` գարնան առաջին օրը, որը, սակայն, արդեն չորս տարի է` վշտի ու ափսոսանքի օր է:  Չնայած միջազգային կառույցների ճնշումներին ու  ընդդիմության շարունակական պայքարին, հատուկ այդ նպատակով ստեղծված խորհրդարանական  հանձնաժողովի ու փաստահավաք խմբի կողմից հնչեցված բազմաթիվ փաստերին,  անցած չորս տարիների ընթացքում այդպես էլ  ոչ ոք պատասխանատվության չենթարկվեց Երեւանի կենտրոնում 10 մարդ սպանելու համար: Ոմանք «մարտի 1-ը» համեմատում են «հոկտեմբերի 27»-ի հետ` նկատի ունենալով այդ երկու ոճրագործությունների` բացահայտված չլինելու հանգամանքը: Սակայն  եթե «հոկտեմբերի 27-ի» դեպքում կատարողները հայտնի էին, եւ հարկ էր բացահայտել կազմակերպիչներին, ապա «մարտի 1-ի» դեպքում, թերեւս,   կազմակերպիչների մասով շատ հարցեր չկան: Եղած հարցերն էլ վերացան այն բանից հետո,  երբ  ակնհայտ դարձավ, որ  իշխանությունները պատրաստ են  ամեն գնով պաշտպանել անմեղ  մարդկանց գնդակահարած ոստիկաններին:
Ու թեեւ նախագահությունը ստանձնելուց հետո Սերժ Սարգսյանը փորձեց հետեւողականորեն ազատվել 2008թ. մարտի 1-ի առանցքային դերակատարներից` ի դեմս  ՆԳ նախարար Հայկ Հարությունյանի, ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի, ՊՆ  նախարար Միքայել Հարությունյանի, ԿՀԴՊ 6-րդ վարչության պետ Աշոտ Գիզիրյանի եւ այլոց, նա դրանով չկարողացավ եւ չի էլ կարողանալու ինքն իրեն սահմանազատել այդ ոճրագործության պատասխանատվությունից, քանի որ  այդ ժամանակ նա երկրի վարչապետն էր, ում հետ խորհրդակցելով Ռոբերտ  Քոչարյանը արտակարգ դրություն հայտարարեց, եւ ում լուռ համաձայնությամբ էլ իրականացվեց այդ աննախադեպ սպանդը:
Անցած երեք տարիների ընթացքում մարտի 1-ի բացահայտման` ընդդիմության պահանջատիրությունն իր առավել վճռական եւ իշխանությունների համար վտանգավոր փուլին հասավ անցած տարվա գարնանից վերսկսված ՀԱԿ-ի հանրահավաքային շարժման ընթացքում: Իշխանությունների համար անսպասելիորեն պարզվեց, որ Կոնգրեսը դեռ շատ ուժեղ է եւ ունի վճռական տրամադրված հետեւորդների բազմահազարանոց բանակ: ՀԱԿ-ի  ներկայացրած վերջնագրից հետո  Սերժ Սարգսյանը ստիպված եղավ ազատ արձակել քաղբանտարկյալներին եւ մարտի 1-ի հետ կապված իմիտատիվ քայլեր անել:
Նա հանձնարարեց նոր թափով վերսկսել մարտի 1-ի գործի հետաքննությունը` այդպիսով ժամանակ շահելով եւ ընդդիմության վճռականությունը կոտրելով: Հետո սկսվեց իշխանություն-ընդդիմություն երկխոսությունը, որը մարտի 1-ի գործի բացահայտման պես անփառունակ ավարտ ունեցավ. մի  քանի ամիս ոչինչ չասող  ասուլիսներով հանրային հետաքրքրությունը թմրեցնելուց հետո հարցը փակվեց-գնաց: Իսկ Սերժ Սարգսյանի` մարտի 1-ը բացահայտելու իրական մտադրությունը բացահայտեց այն փաստը, որ  «Մարտի 1-ի» գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանն էլ ավելի բարձր պաշտոնի նշանակվեց` ըստ էության պարգեւատրվելով այն բանի համար, որ անցած 3 տարիների ընթացքում չէր կարողացել կամ չէր ցանկացել գործը բացահայտել:
Ինչեւէ, անհրաժեշտ չափով ժամանակ ձգելուց եւ ամեն ինչ դեպի հերթական ընտրությունների հանգրվան տեղափոխելուց հետո արդեն  իշխանություններն  առանձնապես չեն էլ մտահոգվում մարտի 1-ի մասին:  Նրանք այլեւս ոչ մի  բարդույթ  չունեն, մեղավորության կամ պատասխանատվության զգացումի մասին ավելորդ է անգամ խոսելը: Նրանք առանց որեւէ անհարմարության, հենց մարտի 1-ի նախօրեին խորհրդարանում քննարկում են «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքը, որով նախատեսվում է զինված ուժերի ներգրավումը արտակարգ իրավիճակներում: Այսինքն` իշխանությունները, որոնք անցած 4 տարիներին  բազմիցս քննադատվել են 2008թ. մարտի 1-ին ցուցարարների դեմ հաշվեհարդար տեսնելու գործում զինված ուժերին ներգրավելու համար (ինչի մասին բազմաթիվ փաստեր են հրապարակվել մամուլում), հիմա արդեն որոշել են դա ամրագրել օրենքով: Նրանց ցինիզմն այն աստիճանի է հասել, որ այդ հարցը լուծում են հենց  մարտիմեկյան սպանդի տարելիցի նախօրեին` հընթացս հասկացնելով բոլոր «չհասկացողներին», որ իրենց խելոք պահեն, քանի որ հնարավոր նոր  մարտիմեկերի դեպքում իրենք արդեն օրենքով բանակը կհանեն ժողովրդի դեմ: Ու որքան էլ հրայրթովմասյանները հայտարարեն, թե բանակը ժողովրդի դեմ դուրս չի գա, դա ոչ մի կոպեկի արժեք չունի. նախ ասողի կշիռն ու կերպարը հաշվի առնելով  (նա մինչեւ պաշտոն ստանալը նույն կերպ իրեն կոտորում էր` մարտի 1-ի հանցագործներին պատասխանատվության ենթարկելու պահանջով), ապա եւ այն պարզ իրողությամբ, որ  եթե մինչ այդ բանակի ներգրավումը բացահայտ ապօրինի ու հակասահմանադրական էր, սակայն դա արվեց, եւ ոչ ոք պատասխանատվության չենթարկվեց, ապա ակնհայտ է, որ օրենքով ապահովագրված լինելու դեպքում արդեն իշխանությունները կգործեն շատ ավելի ազատ ու հանգիստ:
Նշենք,  որ մարտի 1-ի հետ կապված որեւէ բարդույթ չունեն նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում, որտեղ  բոլորովին վերջերս հանգրվանեց  2008թ. մարտի 1-ի գլխավոր դերակատարներից մեկը` Վարդան Օսկանյանը: Նա, ի դեպ, նախօրեին մի հայտարարություն էր տարածել, որտեղ սրտաճմլիկ խոսքեր էր ասել պատասխանատվության մասին եւ ԲՀԿ-ականալու իր քայլը բացատրել. «Ես որոշեցի քաղաքացիական պատասխանատվության հարթությունից քայլ կատարել քաղաքական պատասխանատվության հարթություն»: Ահա այսպես, առանց բարդույթների, ասես այս մարդն ինչ-որ Հ/Կ-ից նոր-նոր մտնում է քաղաքականություն: Իսկ 2008թ. մարտյան դեպքերի պատասխանատվության մասին` բնականաբար ոչ մի խոսք: Մինչ այդ էլ ԲՀԿ-ական էր դարձել ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանը` Շերիֆը:
Մարտի 1-ի մեջ պատասխանատվության իր մեծ բաժինն ունի նաեւ ընդդիմությունը: Նրանք մարտի 1-ի 10  զոհերի հարազատների, հարյուրավոր վիրավորների եւ սեփական կամքն արտահայտող հազարավոր քաղաքացիների հուսախաբ արեցին: Իրականացնել այն, ինչի համար նրանց հետեւից գնում էին հազարավոր մարդիկ. իշխանափոխություն, ինչի հնարավորությունն ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ ընդդիմությունն իսկապես ուներ:

ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ




Լրահոս