Վճռաբեկի դատավորի նախկին օգնականի պատիժը պայմանականորեն չի կիրառվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերաքննիչ դատարանը պատժաչափի մասով փոփոխել է ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորի նախկին օգնական  Արմեն Դավթյանի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի դատավճիռը:

Վերադաս դատարանը որոշում է ընդունել առանձնապես խոշոր չափերի խարդախության ու փաստաթղթեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու մեղադրանքով 4 տարի ժամկետով ազատազրկումը պայմանականորեն չկիրառելու ու 2 տարվա փորձաշրջան սահմանելու մասին:

Դատաքննությամբ դատարանը հիմնավորված է համարել, որ ՀՀ դատական դեպարտամենտի աշխատակից՝ ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորի օգնական Արմեն Դավթյանը ՀՀ վճռաբեկ դատարանում 24.01.2013թ. ստացված քաղաքացիական գործի նյութերին ծանոթանալու ընթացքում տեղեկացել է, որ 11.07.2012թ. վճարման հանձնարարագրով, «Պրոմեթեյ Բանկ» ՍՊ ընկերության կողմից, ՀՀ ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարանի հաշվեհամարին, առաջին ատյանի դատարանի վճռի դեմ վերաքննիչ բողոք բերելու համար որպես պետական տուրք Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցվել է 5.154.484 ՀՀ դրամ։

Նպատակադրվելով խաբեության միջոցով հափշտակել այդ գումարը` մինչև 2013թ. փետրվարի 22-ը ՀՀ վճռաբեկ դատարանում գտնված այդ քաղաքացիական գործի նյութերից Արմեն Դավթյանը հանել է վճարման հանձնարարագիրը և դրա փոխարեն գործի նյութերին է կցել պատճենը, իսկ բնօրինակը պահել է իր մոտ։

2013թ. հունիսի սկզբին ամբաստանյալ Արմեն Դավթյանը կեղծել է իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթերը. «Պրոմեթեյ Բանկ» ՍՊԸ ձևաթղթի և կլոր կնիքի դրոշմով իր կողմից սկանավորված փաստաթղթի հիմքն օգտագործելով, համակարգչային «Ֆոտոշոպ» ծրագրի միջոցով նշված բանկի անունից ամբաստանյալ Ա.Դավթյանը կազմել է ՀՀ ֆինանսների նախարարությանը հասցեագրված գրություն` նշելով, որ քաղաքացիական գործով վեճը լուծվել է կողմերի հաշտությամբ և անհրաժեշտ է վերաքննիչ բողոք բերելու համար որպես պետական տուրք վճարված գումարը հետ վերադարձնել` այն փոխանցելով Նաիրա Խաչատրյանի համապատասխան հաշվեհամարին։

Ամբաստանյալ Արմեն Դավթյանն իրեն պատկանող համակարգչով պատրաստել է ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի ձևաթուղթը և դրա վրա կազմելով տեղեկանք` նշել է՝ իբրև թե վերաքննիչ բողոքի համար «Պրոմեթեյ Բանկ» ՍՊԸ-ի կողմից վճարվել է պետական տուրք, սակայն բողոք չի ներկայացվել և անհրաժեշտ է վճարված պետական տուրքը վերադարձնել։

Օգտվելով դատական ակտերը ՀՀ վճռաբեկ դատարանի կնիքով վավերացնելու իր հնարավորությունից` ամբաստանյալ Արմեն Դավթյանն այդ տեղեկանքը կնքել է ՀՀ վճռաբեկ դատարանի կնիքով և այդ կեղծված պաշտոնական փաստաթղթերն իր տրամադրության տակ գտնվող պետական տուրքի վճարման վերոհիշյալ անդորրագրի բնօրինակի հետ միասին 2013թ. հունիսի 17-ին գցել է ՀՀ ֆինանսների նախարարության շենքի առաջին հարկում գտնվող փոստարկղ։

Մինչ այդ ամբաստանյալ Արմեն Դավթյանը, իր ծանոթ, վկա Արթուր Խաչատրյանին ներկայացնելով, որ բանկային փոխանցումով իրեն իբրև թե պետք է ուղարկվեն գումարներ և դրա համար անհրաժեշտ է այնպիսի անձ, որն ունի բանկային հաշիվ, օգնություն ստանալու ակնկալիքով դիմել է վերջինիս։

Արթուր Խաչատրյանը, տեղյակ չլինելով Արմեն Դավթյանի իրական մտադրության մասին, նշված գումարն իր կնոջ՝ Նաիրա Խաչատրյանի բանկային հաշվեհամարին փոխանցելու, գումարը ստանալու և նրան տրամադրելու վերաբերյալ տվել է իր համաձայնությունը, որից հետո Արմեն Դավթյանին տվել է «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ում իր կնոջ ունեցած բանկային հաշվեհամարի տվյալները։

Կեղծված փաստաթղթերը և վճարման անդորրագիրը ՀՀ ֆինանսների նախարարության փոստային արկղը գցելուց մի քանի օր անց ամբաստանյալ Արմեն Դավթյանը խնդրել է Արթուր Խաչատրյանին, որպեսզի վերջինիս կինն այցելի բանկ և հաշվեհամարին փոխանցված 5.154.484 ՀՀ դրամ գումարն ստանա։

2013թ. հունիսի 20-ին ՀՀ ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարանի հաշվեհամարից «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲ ընկերության Դավիթաշենի մասնաճյուղի` Նաիրա Խաչատրյանի հաշվեհամարին որպես եկամուտների վերադարձ փոխանցվել է 5154484,3 ՀՀ դրամ գումար, որը նույն օրը Նաիրա Խաչատրյանն ստացել է և Արթուր Խաչատրյանի միջոցով նույն օրը փոխանցել Արմեն Դավթյանին։

Ստանալով խաբեությամբ հափշտակված առանձնապես խոշոր չափերի վերոհիշյալ գումարը` ամբաստանյալ Արմեն Դավթյանն այն պահել է իր մոտ։

2013թ. հունիսի 28-ին Նաիրա Խաչատրյանի միջոցով, վերջինիս վերոհիշյալ հաշվեհամարին մուտքագրելով 5.154.484 ՀՀ դրամ` ամբաստանյալ Ա.Դավթյանն այն փոխանցել է ՀՀ ֆինանսների նախարարության համապատասխան հաշվեհամարին, այսինքն՝ իր կողմից հափշտակված գումարը հետ է վերադարձրել։

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի մարտի 4-ի դատավճռով՝ ամբաստանյալ Արմեն Դավթյանը մեղավոր է ճանաչվել՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 325-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել  4 տարվա ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման, և տուգանքի՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի` 200.000  ՀՀ դրամ գումարի չափով։

Գործը Վերաքննիչ դատարանում քննվել է ամբաստանյալի պաշտպան Կ.Աղաջանյանի բողոքի հիման վրա:

Վերաքննիչ դատարանը գտել է, որ առաջին ատյանի դատարանը սխալ հետևության է հանգել՝ Ա.Դավթյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու, ինչպես նաև՝ ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակներին հասնելու հնարավորության մասին:

Ինչպես երևում է գործի նյութերից, Ա.Դավթյանը նախկինում դատապարտված չի եղել, բնութագրվում է դրականորեն, նրա խնամքին է գտնվում վատառողջ կինը, մինչև տասնչորս տարեկան երկու երեխա, իրեն լիովին մեղավոր ճանաչելով և տալով խոստովանական պայմաններ` անկեղծորեն զղջում է կատարածի համար, հանցագործությամբ տուժողին պատճառված գույքային վնասն ամբողջությամբ, քրեական գործի հատուցումից ավելի քան երկու ամիս առաջ կամովին հատուցել է:

Վերաքննիչ դատարանը հանգել է հետևության, որ Ա.Դավթյանի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու, ուստի՝ նրա նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չպետք է կիրառել:




Լրահոս